կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 12:43
Հասարակություն

ՀԱԷԿ-Ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-Ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման

2022 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը:

«ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝

- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ,

- թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,

- թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում,

- թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում,

- տուրբագեներատորների միջին վերանորոգում:

ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: