կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 13:24
Քաղաքական

Փաշինյանն ուզում է ներշնչել, որ հայ ժողովուրդը «սատկած» ժողովուրդ է՝ սա կոտրում է դիմադրությունը․ Վազգեն Պետրոսյան

Փաշինյանն ուզում է ներշնչել, որ հայ ժողովուրդը «սատկած» ժողովուրդ է՝ սա կոտրում է դիմադրությունը․ Վազգեն Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ միջազգային հանրությունը միշտ պահանջել է ԼՂՀ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը և հիմա իրենց համար կարգավիճակը լինելու է միջոց, ոչ թե նպատակ։

Ազատագրական շարժման նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ միջազգային հանրության այլ թեժ կետերի արձագանքից դատելով՝ կարող ենք ասել, որ նրանք միշտ հաշվի են նստում ուժեղի հետ։

«Երբ Հայաստանն ուժեղ էր՝ նմանատիպ հայտարարություններ չէին հնչում ոչ մեկից, հիմա որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն կերպ զիջումների գնալ Ադրբեջանին և Թուրքիային, նրանք էլ պարտադրում են իրենց ցանկությունները։ Ի վերջո, այդ «միջազգային հանրությունը» այս տարածաշրջանում ունի շահեր և այդ շահերի մեջ են մտնում հզոր Ադրբեջան, հզոր Թուրքիա, թույլ Հայաստան և թույլ Ռուսաստան, Իրան, Չինաստան։ Նրանք այս նպատակին հասնելու համար կզոհեն հայ ժողովրդին և հայ ժողովրդի զավակներին։ Եթե հզոր լինենք՝ այդպես չեն խոսի, եթե լինենք թույլ՝ թույլին միշտ դնում են զոհասեղանի վրա և մորթում»,-ասաց նա։

Հայաստանի այսօրվա իշխանությունները, նրա համոզմամբ, ամեն կերպ Արևմուտքի ծրագիրն են իրականացնում մեր տարածաշրջանում։

«Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ելույթները և կատարած աշխատանքները միայն մեկ բան են ուզում ներշնչել մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը թույլ է, միայնակ ի վիճակի չէ պաշտպանել իր անվտանգությունը, հայ ժողովուրդը «սատկած» ժողովուրդ է և գոյություն չունի։ Սա թուրքական յաթաղան է, որ կախված է մեր ժողովրդի գլխին։ Անգամ աշխարհի ամենաթույլ երկրի ղեկավարը՝ երբեք իր ժողովրդին չի փորձի այդպես ներշնչել, որ իր ժողովուրդը կարողանա դիմադրություն ցույց տալ և իր դիմադրությամբ պաշտպանել իր զավակներին։ Բայց ՀՀ այսօրվա իշխանություններն այնպես են անում, որ մեր ժողովուրդը թևաթափ լինի ամեն ինչից»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նա համոզված է, որ ՀՀ այսօրվա իշխանություններն ամեն ինչ ուզում են անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր տարածաշրջանում հզորանան։ Իսկ Թուրքիան և Ադրբեջանը կարող են հզորանալ միայն և միայն Հայաստանի ոչնչացումով։

«Այս մասին դեռևս խոսել են 100 տարի առաջ՝ Քեմալ Աթաթուրքը, նրանից առաջ Էնվեր, Ջեմալ փաշաները, նրանցից առաջ սուլթան Աբդուլ Համիդը։ Վերջին 300 տարում, երբ Մեծ Բրիտանիան սկսեց մեր տարածաշրջանում ակտիվանալ, հայությունը բացի Ցեղասպանությունից ուրիշ բան չի տեսել։ Եվ այդ Ցեղասպանությունը միշտ իրականացվել է թուրքի ձեռքով։ Այն, ինչ այսօր անում են Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, ուղղակիորեն բերում են Թուրքիայի հզորացման, իսկ  Թուրքիայի հզորացումը կլինի հայ ժողովրդի ոչնչացումը․ շատ պարզ բանաձև է»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նա տպավորություն ունի, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան այսօր ցանություն ունեն մեր տարածաշրջանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ, որ կարողանան հնարավորին չափ հարվածներ հասցնել Ռուսաստանին, և դա փորձում են անել Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքով։ Իսկ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը իրեն տարածաշրջանի տերն է կարծում ՀՀ իշխանությունների թուլակամ հակազդեցության պատճառով։

Աննա Բալյան