կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-04 15:32
Քաղաքական

Փորձել ենք մեր քաղաքացիներին ինքնահարգանք ներշնչել, որ գիտակցված կատարեն իրենց ընտրությունը

Փորձել ենք մեր քաղաքացիներին ինքնահարգանք ներշնչել, որ գիտակցված կատարեն իրենց ընտրությունը

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՀՅԴ-ն ամփոփում է իր աշխատանքները:

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին հայտնեց որ ՀՅԴ քարոզչական խմբերն անցկացրել են մոտ 60 հանդիպում Երևանում ու մարզերում: ՀՅԴ քարոզչական խմբերը փորձել են ներկայացնել սահմանադրական փոփոխությունների իրենց հիմնավորումները, փաստարկները, ամեն հանդիպման ժամանակ պատասխանել են 10-15 քաղաքացիների հարցերի:

«Մենք մեզանից կախված ամեն ինչ արեցինք բարեխղճորեն: Իսկապես լարված աշխատանք ենք կատարել` չհաշված լրատվամիջոցներով ու հեռուստատեսությամբ մեր քարոզչական նյութերի տարածումը, 60 շտաբներում կազմակերպական աշխատանքները: Ցավոք, այս ընթացքում մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք «Ոչ»-ի ճամբարի հետ բովանդակային քննարկումներ կատարել: Նրանք հրաժարվում են այդպիսի քննարկումներից: Եթե մենք հիմնավորում էինք մեր տեսակետները, ապա մյուս ճամբարն ուներ երկու հիմնական ասելիք` քանի որ նախագահն է նախաձեռել, ուրեմն վատ բան է, կարծես այլ տարբերակ կար` սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու: Երկրորդ արգումենտը` քանի որ նախագահն է նախաձեռնել, որեմն նպատակը վերարտադրվելն է»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ, ՀՅԴ համոզմամբ, հակառակը` խորհրդարանական համակարգը էապես նվազեցնում է որևէ ուժի վերարտադրվելու հավանականությունը:

Նրա խոսքով` «ոչ» ասողների հիմնական մասը «ոչ» էր ասում նաև 2005-ի սահմանադրական փոփոխություններին, ինչը նշանակում է, որ, այս փոփոխություններին «ոչ» ասելով, նրանք «այո» են ասում իրենց «ոչ» ասած` 2005-ի Սահմանադրությանը:

Աղվան Վարդանյանը նշեց, որ երկրում խնդիրները շատ են, մարդկանց դժգոհությունը `ամենուրեք, կա նաև հիասթափություն ու անտարբերություն մարդկանց մոտ, բայց դա չի նշանակում, որ եթե պատասխանատու քաղաքական ուժն ունի երկրի զարգացման վերաբերյալ իր պատկերացումը և ծրագիրը, ուրեմն չպետք է ամեն ինչ անի, որ հասարակության մեջ մեծանա մասնակցելու ցանկությունը:

«Միշտ ասել ենք` Հայաստանում, երևի մի 10-15 հոգուց բացի, մարդ չկա, որը փոփոխություն չի ցանկանում: Մեր պատկերացրած փոփոխությունը հենց համակարգայինն է, որը մեխանիզմներ կձևավորի և հնարավորություն կստեղծի նոր քաղաքական կյանքին: Մեր նպատակը երբեք չեն եղել ինչ-որ անձեր, ինչ-որ անձանց բացառելը, անձանց տեղավորելը, այլ այնպիսի համակարգ ստեղծելը, որի պարագայում մեր պետությունը հնարավորինս կկենսագործվի: Վստահ ենք, որ նոր Սահմանադրությունն այդ հնարավորությունը կտա մեր հանրությանը: Մենք նաև շեշտել ենք, որ ամենավատ բանը, որ անում են ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, մարդկանց հուսահատեցնելն ու անտարբերության մղելն է, որ իրենցից ոչինչ կախված չէ: Մենք, հակառակը, փորձել ենք մեր քաղաքացիներին վստահություն և ինքնահարգանք ներշնչել, որ իրենք գիտակցված կատարեն իրենց ընտրությունը, գիտակցեն, որ իրենք կարող են բան փոխել այս երկրում»,- ասաց Աղվան Վարդանյանը: