կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 21:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից․ Իշխան Սաղաթելյանի ելույթը

Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։

Ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ․

«Սիրելի հայրենակիցներ

Քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ և հանդես եկել հայտարարությամբ․ այդ հայտարարության մեջ շատ հստակ ասվում է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Այնտեղ նաև ասվում է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից։

Եկեք այսօր այս հրապարակում միասնաբար հայտարարենք․ տե՛ր ենք Արցախին, տե՛ր ենք Հայաստանին, տե՛ր ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Պատրա՞ստ եք պայքարել դրա համար․ շատ լավ։

Նախ ուզում եմ անել մի քանի կարևոր արձանագրումներ․

Առաջինը․ այսօր պատմական օր է, որովհետև դուք այսօր ձեր մասնակցությամբ, ձեր վճռականությամբ ապացուցեցիք և վերջանականապես փակեցիք այն բոլոր խոսակցությունները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, դուք փակեցիք այն խոսակցությունները, որ մենք պետություն ունենալու իրավունք չունենք, որ մենք համակրեպվել ենք այս իրավիճակին, դուք այսօր վերջանականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն։

Երկրորդը․ քիչ առաջ մեր բոլորի անունից հնչեցվեց այն հիմնական սկզբունքները, որով պետք է առաջնորդվենք։ Դա հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության կամարտահայտությունն  է։ Ուրեմն եկեք այս հրապարակից միասնաբար հայտարարենք՝ ցանկացած իշխանություն, ով կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը։ Այն քաղաքական ուժը, այն անհատը, այն իշխանությունը, ով կշեղվի այս պահանջներից, դուք՝ մեր ժողովուրդը, ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետնին տապալելու  և երկրի ողնաշարը շտկելու։

Երրորդ․ այսօր մենք այս հրապարակից արձանագրեցինք, որ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին, և ամենակարևորը՝ պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։

Չորրորդը․ դուք այսօր ձեր ներկայությամբ, ձեր վճռականությամբ ասում եք, որ այս իշխանությունները չունեն ժողովրդի կողմից մանդատ խաղաղության կեղծ և հիմար լոզունգների տակ երկիրը տանելու նոր զիջումների։

Խնդրում եմ նորից, սա շատ կարևոր է, սա մեր պայքարի վաղվա հիմքն է, միասին այս 4 կետի շուրջ ունենանք համաձայնություն․ 1․ փակում ենք պարտության էջը, 2․ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, 3․ այս իշխանությունը չունի մանդատ երկիրը զիջումների տանելու, 4․ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը։

Համաձա՞յն եք․ այո՛։

Սիրելի հայրենակիցներ, ի՞նչ է կատարվում․ թշնամին պատերազմից հետո շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ։ Օրվա իշխանությունը երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն ժողովրդին պատրաստում է նոր զիջումների։ Նա ասում է՝ հնարավոր չէ․ բանակը թույլ է, ժողովուրդը խեղճացած, հայրենիքի համար պայքարը նշանակում է պատերազմ։ Ժողովրդին շարունակում են վախեցնել պատերազմով՝ ներկայացնելով, որ ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ հայրենազրկում, կա՛մ պատերազմ։ Մենք պատերազմ չենք ուզում, մեր պայքարը արժանապատիվ խաղաղության և հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության է։ Բայց փորձում են ներկայացնել՝ իբրև թե իրավիճակը անելանելի ծանր է, վիճակ չկա։

Ուզում եմ ներկայացնել երկու պատմական օրինակ, որոնք տեղի են ունեցել ձեր աչքի առջև, սա շատ կարևոր է․ 1992 թ․ իրավիճակը ծանր էր, թշնամին հասել էր մինչև Թարթառ գետ, Ստեփանակերտի հետ չկար ցամաքային ճանապարհ, իրոք վիճակը ծանր էր։ Որոշում կայացվեց պաշտպանել երկիրը, փոխվեց Պաշտպանության նախարարը, օրվա Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կանգնեցինք, պաշտպանեցինք մեր երկիրը, ազատագրեցինք Արցախը և բերեցինք խաղաղություն։ Երկրորդ օրինակը․ 1998 թ․ օրվա իշխանությունն առաջարկում էր՝ կա՛մ պետք է զիջենք, կա՛մ պետք է լինի պատերազմ։ Մենք դեմ էինք զիջելուն։ Ընդ որում, այդ զիջման դեմ լինողների մեծ մասը նաև այսօր այս հարթակում է։ Դեմ գնացինք զիջմանը, օրվա իշխանությունը խաղաղ հեռացավ, բայց ասաց՝ իշխանության եկան պատերազմի ուժերը։ Բայց այսպես կոչված «պատերազմի ուժերը» եկան և 20 տարի երկիրը ունեցավ խաղաղություն։ Սա իրականություն է, պատմական փաստ։

2018 թ․ կրկին իշխանության եկան զիջման կողմնակիցները՝ նախորդի գաղափարակիրները, կրկին մեզ ասացին՝ զիջենք, որպեսզի լինի խաղաղություն։ Ի՞նչ տեղի ունեցավ․ հայրենիքի կորուստ, զիջումներ, զոհեր, նոր աղետ։ Սա է իրականությունը․ խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն և նոր պատերազմ։

Հիմա եթե Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա։ Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ մեկն իրավուն չունի խաղաղության մասին խոսելու, որովհետև ինքը պարտության և պատերազմի խորհրդանիշ է։

Եթե մենք ուզում ենք ունենալ արժանապատվություն, իրական խաղաղություն, օր առաջ, րոպե առաջ պետք է սրանց հեռացնենք։

Համաձա՞յն եք։ Այո՛։ Ձեր ցավը տանեմ, անելու ենք։

Մեր պայքարը այլընտրանք չունի․ այս պայքարի այլընտրանքը հայրենազրկումն է։ Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի ապագայի այստեղ՝ այս հրապարակից, հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբը։

Ի՞նչ պետք է անենք․ սա ձեր բոլորի գլխավոր հարցադրումն է։

Ի՞նչ պետք է անենք․ սա գլխավոր խնդիրն է, որ պետք է այս հարցը լուծենք։ Հրապարակում կան բազմաթիվ մարդիկ, մեզ այսօր օնլայն հարթակներով, հեռուստացույցով հետևում են հազարավոր քաղաքացիներ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ քաղաքացիներին բերենք փողոց։

Պարզ ձևակերպեմ․ բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պետք է իջնեն փողոց և միանան այս պայքարին։  Հաճախ հարցնում եք՝ ե՞րբ ենք ավարտին հասցնելու։ Ես ասում եմ՝ ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ, և այդ օրը հեռու չէ։

Սիրելի՛ հայրենակիցներ, ասում եք՝ ծրագիր ունե՞ք, ասում եմ՝ այո՛, ասում եք՝ կարո՞ղ ենք երկիրն այս վիճակից դուրս բերել, ասում եմ՝ այո՛։ Կարո՛ղ ենք, և միասին։

Սա համարում ենք մեկնարկ։

Ես կարճ պատասխանում եմ ձեր հիմնական հարցերին․ շարունակակա՞ն է լինելու, այո՛, հասնելո՞ւ ենք հաջողության, այո՛, գիշեր-ցերեկ պետք է աշխատենք, որովհետև սեղանին դրված է մեր հայրենիքի հարցը։

Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին՝ համազգային դիմադրությամբ, միասնությամբ, հանուն ձեր թոռների, ձեր երեխաների, ձեր ծնողների, պետք է պայքարենք, ընդ որում, մշտապես գիտակցելով, որ պայքարը լինելու է երկու ճակատում․ մենք պայքարում ենք հանուն Արցախի և Հայաստանի, իսկ օրվա իշխանությունը հանուն իր իշխանության, մենք ունենք թշնամի՝ մեր պայքարը ուղղված է նաև այդ թշնամիներին։ Համազգային դիմադրությամբ հասնենք հաղթանակի։

Ուրեմն այսօր հանրահավաքը կավարտենք հետևյալ կերպ․ մասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ, փակում ենք հրապարկի 4 մուտքերը, սա կլինի մեր առաջին նախազգուշական գործողությունը, դա տևելու է մեկ ժամ։

Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, միասնության և վաղվա հաղթանակի»։

Մանրամասն՝ տեսանյութում․