կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-07 16:02
Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու մասին որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու մասին որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:  

Այսպես, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան,  պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն` Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի և 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները:

06.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լյովա Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: