Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցությունը հետևողական է լինելու, որ Արման Բաբաջանյանը և բոլորը, ովքեր կհանդգնեն վիրավորել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, ենթարկվեն պատասխանավության օրինականության սահմաններում՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում վստահեցրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձում է ձգձգել Դաշնակցությունից ներողություն խնդրելու՝ դատարանի որոշման կատարումը, բայց խուսափել հնարավոր չի լինելու, քանի որ դատարանը ժամկետ է սահմանել՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 5 օր։
Արման Բաբաջանյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար․ դատարանը պարտավորեցրել է նրան՝ իր ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, արտաբերել ներողության հետևյալ տեքստը․ «Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»։ Տեսանյութը պետք է վերնագրվի «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից», և պահպանվի ֆեյսբուքյան էջում։
Բաբաջանյանն այս վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որն էլ այն վարույթ չի ընդունել, և Բաբաջանյանն այդ վարույթ չընդունելու հանգամանքն է բողոքարկել Վճռաբեկ դատարան․ այս պահին դեռ հստակ չէ՝ Վճռաբեկը գործը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ։ Եթե Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունի, վճիռը մտնելու է ուժի մեջ և այդ պահից արդեն Արման Բաբաջանյանը 5 օր կունենա ներողություն խնդրելու։
«Ակնհայտ է, որ այն թիմը, որը հանդես է գալիս նման վարքագծով, սպասարկում է ոչ հայանպաստ շահը։ Պատահական չէ, որ տարբեր պատճառներով ու հիմնավորումներով փորձելով ձգձգել դատարանի վճռի կատարումը, նման մարդիկ նպատակ ունեն նաև հանրության այն շրջանում, որը հակադաշնակցական կեցվածք է որդեգրել, նրանց հնարավորություն տալ էլ ավելի խորացնելու այս վիրավորանքներն ու զրպարտությունը։ Դրա վառ օրինակներից մեկն էլ օրեր առաջ հերթական զառանցանքն էր, որի վերաբերյալ նույնպես մենք իրավական գործընթաց ենք սկսելու»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
ՀՅԴ-ն Արման Բաբաջանյանից պահանջել է ներողությունից բացի ընդամենը 1-ական դրամ փոխհատուցում վճարել զրպարտության համար, քանի որ, ինչպես գործով փաստաբան Հայկուհի Սեդրակյանն է նշում, իրենց նպատակը ոչ թե փոխհատուցում ստանալն է, այլ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններ կատարված լինելու փաստի հաստատումը։
Մինդեռ, Քաղաքացիական օրենսգրքում բարձրացվել է վիրավորանքի եւ զրպարտության դիմաց փոխհատուցման գումարի շեմը և 1 միլիոն դրամից հասցվել 3 միլիոն դրամի։
«Սա մենք ավելի հանցագործություն ենք համարում, քան թե քաղաքացիաիրավական վեճի առարկա, թեև գործող օրենսդրության շրջանակում զրպարտությունը և որոշակի ոչ ճշգրիտ տեղեկությունը համարվում է քաղաքացիաիրավական վեճի առարկա։ Նկատի առնելով, որ խոսքը կարևորագույն հարցերից մեկի մասին է, այն է՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում գտնվող անձանց վարկաբեկելու և ծանր վիրավորանք հասցնելու, ակնհայտ է, որ այստեղ քրեական հանցագործության տարրեր են պարունակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա վստահ է, որ որքան էլ հատուցման շեմը բարձրացնեն՝ պետք է դուրս գալ զուտ նյութական մոտեցումից, քանի որ այստեղ խոսքը շատ ավելի խորքային բանի մասին է՝ հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործության մասին։
Աննա Բալյան