կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 16:50
Աշխարհ

Պետդեպարտամենտը, Կիևի և Անկարայի համաձայնագրի հետ կապված, կոչ է արել «Բայրաքթար»-ները պատասխանատու կերպով կիրառել

Պետդեպարտամենտը, Կիևի և Անկարայի համաձայնագրի հետ կապված,  կոչ է արել «Բայրաքթար»-ները պատասխանատու կերպով կիրառել

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հինգշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունն ընդլայնելու՝ Կիևի և Անկարայի պայմանավորվածությունները, կոչ է արել պատասխանատու կերպով կիրառել զենքը։

«ՆԱՏՕ-ի դաշնակցի՝ Թուրքիայի և Ուկրաինայի միջև պաշտպանական համագործակցությունը, կարծում ենք, ուժեղացնում է տարածաշրջանային կայունությունը և Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը»,- ասել է նա՝ նշելով նաև, որ Միացյալ Նահանգները «ընդհանուր առմամբ, խրախուսում է դաշնակիցների և գործընկերների՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը»:

«Միևնույն ժամանակ, մենք խստորեն հանդես ենք գալիս ռազմական տեխնիկայի պատշաճ կիրառման օգտին՝ զինված հակամարտությունների օրենքներին համապատասխան, նաև այնպես, որ չվնասեն խաղաղ բնակչությանը», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Փրայսի խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ընդլայնվելու է։ Մինչ այդ Ուկրաինան հայտնել էր թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու ծրագրերի մասին։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը կնպաստի նոր տեխնոլոգիաների զարգացմանը, կավելացնի նոր աշխատատեղերի թիվը, ընդհանուր առմամբ կամրապնդի երկրի պաշտպանունակությունը։