կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 17:21
Քաղաքական

Ջհանգիրյանը հրապարակեց մի դրույթ, որը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ․ դատավորի ներկայացուցիչ

Ամենակարևոր բանը, որ պետք է արձանագրենք՝ այսօր տեղի չունեցավ անարդարություն։  Զարուհի Նախշքարյանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես դատավոր, նա օբյեկտիվ չափանիշներով բավական մեծ հեղինակություն ունի մասնագիտական հանրության մեջ։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։

«Որոշման եզրափակիչ մասը մեզ բավարարեց, բայց Ջհանգիրյանը հրապարակեց մի դրույթ, որը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ: Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ խախտում եղել է, բայց այն իր բնույթով այնպիսին չէ, որ հեղինակազրկած լինի դատական իշխանությանը»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Խոսքը «Լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով կայացված որոշման մասին է։ Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում։    

Ավելի վաղ ԲԴԽ-ն Նախշքարյանի վերաբերյալ մեկ այլ որոշում էր կայացրել, որով դատավորի նկատմամբ խիստ նկատողություն էր հայտարարվել։

Մանրամասն՝ տեսանյութում։