Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում Դաշնակցության վաղվա հանրահավաքը կկայանա «Լրջացե՛ք» կարգախոսի ներքո: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը yerkir.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Դաշնակցությունն աջակցեց մեկ տարի առաջ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը՝ անսալով քաղաքական իշխանությունների կոչին, մաս կազմեց կառավարությանը, աշխատեցին մոտ 4.5 ամիս՝ իրենց գիտելիքներն ու կարողությունը ներդնելով, որ կառավարությունը հաջողի, սակայն հետո տեղի ունեցան այլ փոփոխություններ՝ իշխանությունը մնաց նույնը, սակայն փոխվեց կառավարության կազմը:
«Այս մեկ տարվա ընթացքում մենք որոշակի ակնկալիքներ ունեինք կառավարությունից, այսօր այդ ակնկալիքները, ցավոք, չեն իրականացել: Ավելին` մենք տեսնում ենք, որ որոշակի քայլեր են կատարվում, որոշակի կոչեր են հնչում, որոնք ոչ միայն չեն արդարացնում մեր սպասումները, այլև կարող են երկիրը տանել բավականին ծանր փակուղային իրավիճակի: Եվ սա չի վերաբերում միայն վերջերս տեղի ունեցած դեպքերին, դրանք գուցե ինչ-որ չափով արագացրեցին, բայց այն, որ այս դժգոհությունը մեր մեջ կուտակվել է երկար ժամանակ, դա փաստ է: Խոսքը վերաբերում է թե՛ տնտեսական քաղաքականությանը, որովհետև իրականացվող տնտեսական քաղաքականությունը շարունակությունն է նեոլիբերալիզմի, երբ ասվում է, որ պետության դերը պետք է մինիմալացվի, բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն, իսկ քանի որ «աղքատությունը մարդկանց գլխներում է», թող ինքնուրույն կերտեն իրենց բարեկեցությունը»,- նշեց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ շատ մտահոգիչ են Արցախի հարցում վերջին հայտարարությունները, թե Արցախում կան ուժեր, որոնք «դավադիր» են, «դավաճան» և իրենց «դավադիր», «ազգակործան» խնդիրները լուծելու համար պատրաստ են պատերազմ սադրել:
«Դա շատ մտահոգիչ է, առհասարակ` այս Հայաստան-Արցախ ջրբաժանը, որը վերջերս սկսեց խորանալ: Անկախ նրանից, թե որտեղից է գալիս հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, կառավարությունը, իշխանություններն են պատասխանատու տեղի ունեցած ցանկացած իրադարձության համար և պարտավոր են կանխել այդ բաժանումը: Ցավոք, մենք դա կանխելու քայլեր չենք տեսնում, ընդհակառակը՝ սկսում են պետական դավաճանության մեջ մեղադրանքներ` կոնկրետ ուժերի ուղղված: Դա մեզ համար անընդունելի է, հատկապես` երբ հասարակության մեջ կան մանիպուլյատորներ, որոնք դա փորձում են օգտագործել հայաստանցի-ղարաբաղցի դավաճանական տարբերությունը ներդնելու համար»,- շեշտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ անընդունելի է նաև առկա հասարակական անհանդուրժողականության մթնոլորտը, որը սկիզբ առավ սևեր-սպիտակներ բաժանումից:
«Մի այսպիսի գիծ ենք տեսնում` իշխանությունը ձևավորել է ժողովուրդը, հետևաբար` ով իշխանության հետ համակարծիք չէ, նա համակարծիք չէ ժողովրդի հետ, ուստիև՝ ժողովրդին թշնամի է, նրա դեմ պետք է պայքարել: Եթե սրան գումարենք նաև այս անհասկանալի` անցումային արդարադատության դրույթը, մենք ռիսկեր ենք տեսնում ՀՀ-ում ժողովրդավարության խաթարման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ այսօրվա իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն, վստահություն, և կարիք չկա քայլերի դիմելու, որոնք կասկածների տեղիք են տալիս, մասնավորապես` դատարանները շրջափակելու` վերջին քայլը: Մեր երկրի խնդիրներից մեկն այն է եղել, որ դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները մի կենտրոնից են կառավարվել: Հիմա փոխանակ քայլեր ձեռնարկվեն այս երեք իշխանությունների միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ ամրապնդելու համար, օրենսդիրն ու գործադիրը փորձում են դատական իշխանությանը պարտադրել իրենց կամքը: Քավ լիցի, մենք երբեք չենք մերժել, որ դատաիրավական համակարգը վստահության պակաս ունի, հակառակը՝ մենք ենք կոչ անում իշխանություններին, որ քայլեր ձեռնարկեն դատաիրավական ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար: Խոսքը վերաբերում է թե՛ դատարաններին, թե՛ դատախազությանը, թե՛ քննչական մարմիններին, թե՛ ոստիկանությանը: Թյուր կարծիք կա, թե քննչական մարմինները շատ ավելի կոմպետենտ և ազնիվ են, քան դատական մարմիննները: Ոչ, դա մի ամբողջ շղթա է, և բոլոր մարմիններում բարելավման կարիք կա: Բայց եթե մենք իրապես խոսում ենք դատաիրավական բարեփոխումների մասին, չի նշանակում, որ գործող օրենքները պետք է բռնաբարել, խախտել՝ օրինականություն հաստատելու համար: «Նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, և մենք մեր մտահոգությունը պատրաստվում ենք ներկայացնել և՛ հասարակությանը, և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը: