Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում կայացրեց:
Կառավարությունը ԶՊՄԿ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում:
«Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ:
Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 15,000033% բաժնետոմսերի սեփականատեր, հաշվի առնելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (ԱՆԻՖ) դերը և լիազորությունների շրջանակը, ինչպես նաև Ընկերության կորպորատիվ կառավարմանն առավել արդյունավետ մասնակցելու անհրաժեշտությունը, ցանկանում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա հանձնել ԱՆԻՖ-ին՝ Ընկերության 15,000033% հասարակ (սովորական) բաժնետոմսերի կառավարումը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։
Նշենք նաև, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։