|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում ընդունվել է որոշում` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին»: Նախատեսվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
Որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Հիմնավորման համաձայն` «ԲԷՑ» ՓԲԸ-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից: Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ: «Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ»-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ:
Մասնավորապես` կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով: Փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար: