կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 14:22
Քաղաքական

Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել․ «Փաստինֆո»

Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմեն Գևորգյանին՝ ՀՀ պետական սահմանը հատելը չթույլատրելու առթիվ դեռևս երկու տարի առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ ներկայացված հաղորդումը վերացական է, չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Արմեն Գևորգյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել՝ վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։

ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։ Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը ևս վիճարկվել է դատական կարգով. դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը, ինչի հիման վրա հետագայում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Պարզվում է, սակայն, նախաքննական մարմինը որոշել էր կարճել հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ Արմեն Գևորգյանին այդպես էլ տուժողի կարգավիճակ չտալով, ինչով, ըստ փաստաբանի, խախտվում էր Գևորգյանի արդար դատաքննության իրավունքը։ Ալեքսանյանը նշեց, որ կարճման որոշման դեմ բողոք էր ներկայացրել, ինչը դատախազի կողմից բավարարվել է, գործի քննությունը՝ վերսկսվել։ Վերաբացված վարույթի շրջանակներում Արմեն Գևորգյանը նախօրեին տուժող է ճանաչվել։ Բացի այդ՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է հարցաքննեն նաև ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ծառայողներին, որոնք իրականացրել են ՍԷԿՏ համակարգից տվյալները հեռացնելու և ավելացնելու վերաբերյալ լիազորությունները»։