Ուրարտական ժառանգության նմուշների առումով աշխարհում ամենահարուստ թանգարանը համարվող Վանի թանգարանը, որը մասնակցում է «Եվրոպայի տարվա թանգարան» մրցույթին, անցել է եզրափակիչ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
«Անադոլուն» նաև հույս է հայտնում, թե այդ մրցույթի շնորհիվ կմեծանա թանգարան այցելողների թիվը։ 2011 թ․ Վանում տեղի ունեցած երկրաշարժից նախկին թանգարանը բավականին վնասվել էր, այդ պատճառով 2019 թ․ օգոստոսին շահագործման հանձնվեց նոր թանգարանը, որը կառուցվել էր Վանի բերդի մոտակայքում, 13 հազար 200 քմ տարածքի վրա։
Թուրքական աղբյուրը նշում է, թե այս թանգարանում ցուցադրված են մոտ 2․600 նմուշներ, որոնք պատկանում են հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան ժամանակաշրջաններին, իսկ այն մասին, որ Վանը եղել է հայկական քաղաքակրթության օրրաններից մեկը, անգամ չի էլ ակնարկում։
Թանգարանի տնօրեն Էրոլ Ուսլուն «Անադոլուի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրականում թանգարանում պահպանվում են 42 հազար նմուշներ, որոնցից միայն 2․600-ն են ցուցադրված։ Տնօրենը նաև նշել է, որ թանգարանը մայիսի 31-ին հայտով դիմել է «Եվրոպայի տարվա թանգարան» մրցույթին, որի շրջանակներում Եվրոպայի թանգարանային ֆորումի ժյուրիի կազմում ընդգրկված Դինա Սորիկինան 2 օրով այցելել է Վան և մանրամասն ուսումնասիրել թանգարանի ցուցանմուշները։
Ուսլուն նաև շեշտել է, թե մրցույթին մասնակցելու համար սահմանված բոլոր 37 հոդվածների պահանջներն իրենք կատարել են և հավելել․ «Այդ մրցույթի համար մեր թանգարանը բավարարում էր բոլոր պահանջները։ Ամեն տարի կազմակերպվող մրցույթի արդյունքում ընտրվում են աշխարհի թանգարանները, և նրանց մրցանակներ են շնորհվում։ Ժյուրիի կազմի անդամը 2 օր շարունակ շրջել է մեր թանգարանում և անհրաժեշտ ուսումնասիրություն իրականացրել։ Նոյեմբեր ամսին կատարված նախնական ընտրության արդյունքում եզրափակիչ է մտել նաև մեր թանգարանը»։
Թանգարանի տնօրենը վերջում վստահություն է հայտնել, որ Վանի թանգարանը հաղթող կճանաչվի մրցույթում և ընդգծել, որ մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2022 թ․ մայիսի 4-7-ին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net