կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 17:58
Քաղաքական

ԱԱԾ պետի եղբայրը Նոյեմբերյանում ամենաշատ ձայնն է տարել, բայց համայնքապետ չի դառնա

ԱԱԾ պետի եղբայրը Նոյեմբերյանում ամենաշատ ձայնն է տարել, բայց համայնքապետ չի դառնա

ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ընտանիքի անդամներից մեկի դեմքով, պարզվում է, մտել է քաղաքականություն․ երեկ՝ Նոյեմբերյանում խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են հենց Աբազյանի եղբոր հավաքած ամենամեծ թվերով։

Ընդ որում, խիստ հատկանշական է այն, որ Արմեն Աբազյանի եղբարը վրիպել է լրագրողների ուշադրությունից։ Առավել ուշագրավ է այն, որ ԱԱԾ պետի եղբայրը ներկայացված է եղել վարչապետ Փաշինյանի քաղաքական ուժի կողմից։

Կարեն Աբազյանը Նոյեմբերյանում գլխավորել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը և մրցապայքարի մեջ է եղել «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքի» եւ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու Երկիր» կուսակցության թեկնածուների հետ։

Նոյեմբերյանում նշված երեք ուժերի պայքարն ավարտվել է քվեարկության այսպիսի արդյունքներով` «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը ստացել է 2465 ձայն, «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 3 060, իսկ ահա Արմեն Աբազյանը որպես իշխանական թեկնածու 3661 ձայն է հավաքել, սակայն չի կարողացել հաղթահարել 50 % +, որպեսզի դառնա մեծամասնություն ու համայնքային իշխանությունը վերցնի։

Երեկ կեսգիշերն անց, Yerevan.Today-ին հասած տվյալներով, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ուժերի միջև բանակցություն է ընթացել, արդյունքում եկել են համաձայնության ու սպասվում է, որ այսօր կհայտարարվի դաշինք կազմելու մասին։

Իսկ դա նշանակում է, որ Նոյեմբերյանում ԱԱԾ պետի եղբոր տակից հաղթական պաշտոնը կտանեն․ ըստ այդմ՝ կոալիցիա կազմող ուժերն իրենց ներսում կընտրեն ու կհայտարարեն համայնքապետի անունը։ Կարեն Աբազյանը, չնայած իր բարձր կապերին, կմնա ձեռնունայն։