Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Դեկտեմբերի 15-ին Yerevan.Today-ը հրապարակում էր արել այն մասին, որ ՏԻՄ ընտրություններում Վանաձորի ՔՊ-ական թեկնածուն՝ գործող մարզպետ Արամ Խաչատրյանը, նախընտրական քարոզարշավին մասնակցում է գողացված համարանիշով ավտոմեքենայով։
Մարզպետին տեղափոխող կամ ուղեկցող՝ ավտոմեքենայի վրա դրված է եղել բոլորովին այլ ավտոմեքենայի համարանիշ՝ 36QD462։ Այս համարանիշը ճանապարհային ոստիկանությունը հատկացրել է Գ․Գ․-ին՝ 1998թ․ արտադրության Opel Astra ավտոմեքենայի համար։
Արամ Խաչատրյանին սպասարկող մեքենայի համարանիշերը փոխված են ոչ օրինական ձևով, ինչը քրեական հանցագործություն է, ոչ թե, ասենք, «տուգանքի մատերիալ»։
Նյութի հրապարակումից հետո ևս քաղաքացիները ուղարկեցին այս փաստը վկայող տարբեր լուսանկարներ։ Սա վկայում էր, որ Արամ Խաչատրյանը պարզապես թքած ունի հանցագործության վրա ու նրա վրա, որ կարող է ոստիկանությունն ընթացք տալ և իր մասին հոդվածից հետո անգամ չի փոխում ավտոմեքենայի համարանիշը։
Պարզվում է, որ փաստացի Արամ Խաչատրյանը ճիշտ էլ անում է, որովհետև ոստիկանությունը իրոք մատը մատին չի խփում։ Չէ, էնպես չէ, թե բան չի անում, պաշտոնապես անցել է գործի, բայց արդյունք չկա։
Դեպքի հետ կապված դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին, որ դիմել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն։ Դիմեցինք ոստիկանության 6-րդ վարչություն, ասացին, որ իրենք դատախազությունից ստացել են գործի նյութերը, բայց դատախազությանը պետք է արձագանքեն, ոչ թե մեզ։ Նորից դիմեցինք դատախազություն՝ վերջնական տեղեկատվություն ստանալու հույսով։ Պատասխանեցին, որ ոստիկանությունն ուղարկել է Լուռու մարզային վարչություն՝ չնայած ոստիկանությունը տեղեկատվությունը դատախազություն պետք է ուղարկեր 10-օրյա ժամկետում։
Քարոզարշավի առաջին օրից տեղեկացրել ենք, որ մարզպետը քարոզարշավին մասնակցում է գողացված համարանիշով ավտոմեքենայով, փաստը կա, լուսանկարները կան, անգամ գրել ենք, թե ում անունով է գրանցվեծ մեքենան, բոլոր փաստերը տվել ենք, ոստիկանությունը ընդամենը պետք է գնար մարզպետին բռներ ու քրեական գործ հարուցեին․ քարոզարշավն այսօր ավարտվում է, ոստիկանությունից նորություն չկա, իսկ Արամ Խաչատրյանը «գուլյատ է անում»։
Արդյո՞ք սա չի նշանակում կոռուպցիա․ ոստիկանապետ Վահե Ղազարյանն անգործություն է ցուցաբերում կամ դանդաղկոտություն, քանի որ խոսքը վերաբերում է իրենց թիմի անդամ մարզպետին։ Այ եթե այդ հանկարծ պարզվեր, որ Yerevan.Today-ի խմբագիրը ուրիշ ավտոմեքենայի համարանիշը բերել-դրել է իր ավտոմեքենայի վրա, հիմա երևի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա կալանքի հարցը քննելիս կլիներ։ Բայց երբ խոսքը գնում է մարզպետի մասին, ուրեմն նա հանգիստ կարող է անել սրտի ուզածը։
Բազմաթիվ անգամ հաղորդագրություններ են տարածվում, որ ավտոմեքենաների համարանիշեր են գողանում, հետո դիմում վարորդին, թե այսքան գումար կտաս, համարանիշերդ հետ կտանք։ Չենք պնդում, թե մարզպետ ու Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը այդ եղանակով է ձեռք բերել այդ համարանիշերը, բայց հենց այս օրինակով մեզ համար շատ հասկանալի է դառնում, թե ինչպես է պատահում, որ ավտոմեքենաների համարների, լուսարձակների, հայելիների գողությունները մնում են չբացահայտված։ Իսկ գուցե նրանք թռցնողներն է՞լ են պաշտոնյաներ։
Սևակ Հակոբյան