կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 17:41
Տարածաշրջան

Թուրքական լիրան դարձյալ ընկնում է

Թուրքական լիրան դարձյալ  ընկնում է

Երկուշաբթի թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 2 տոկոսով՝ թուրքական կենտրոնական բանկի կողմից ակնկալվող տոկոսադրույքի հերթական կրճատման ֆոնին, որը սպասվում է դեկտեմբերին:

Երկուշաբթի սակարկությունները սկսվել են 1 դոլարի դիմաց 12,40 լիրայով, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 12,70:

Թուրքիայի ազգային արժույթը մեկ տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 40%-ով, իսկ նախորդ երեքշաբթի հասել է նոր հակառեկորդային արժեքի՝ մեկ դոլարի դիմաց 11,37-ից իջնելով 13,21 լիրայի։ Լիրայի օրական արժեքի նման կտրուկ անկումն ամենաուժեղն է վերջին 20 տարվա ընթացքում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է զեղչային տոկոսադրույքը 16%-ից իջեցնել 15%-ի, որից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռուստաուղերձում կրկին ընդգծել է զեղչային դրույքի նվազեցման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին անգործունակության մեջ և կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել ազգային արժույթի արժեքի ռեկորդային անկման պայմաններում։

Թուրքիայի ղեկավարը մերժել է այս կոչը և ընդգծել, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն այնպես, ինչպես նախապես նախատեսված էր 2023 թվականի հունիսին։

Էրդողանը օրերս հայտարարել է, որ տոկոսադրույքների կրճատման շնորհիվ այժմ թուրքական պահուստային ֆոնդում կա 127 մլրդ դոլար` նախկինում առկա 27 մլրդի փոխարեն: