կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 16:56
Քաղաքական

Փաշինյանն անպատասխան թողեց հարցը՝ ինչո՞ւ չի այցելում Արցախ

Պատերազմ է եղել։ Մենք պարտվել ենք՝ աղետալի, ողբերգական հետեւանքներով։ Արցախի Հանրապետության տարածքի 72 տոկոսը բռնազավթվել է։ Ադրբեջանը մտել է Հայաստան։ Արցախի 28 տոկոսի վրա հայկական իշխանություն է։ Իրականում, ավելի ստույգ՝ ռուս խաղաղապահների իշխանություն։

Սրանք փաստերի արձանագրումներ են։

Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ։ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 23-ին, 2021 թվականի հունվարի 15-ին, մարտի 16-ին, ապրիլի 27-ին, մայիսի 12-ին, 29-ին, հունիսի 15-ին, օգոստոսի 17-ին, 28-ին, հոկտեմբերի 3-ին, 4-ին, 9-ին, 10-ին, 26-ին։ Երկու անգամ եղել է Էրդողանի, յոթ անգամ՝ կնոջ հետ։ Շուշիում մուղամի փառատոն են անցկացրել, Հադրութում՝ մզկիթ հիմնել։

Այս իշխանության ղեկավարը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է. «Առանց Արցախի չկա Հայաստան»։

Ո՛չ այդ ասողը, ո՛չ Ազգային ժողովի նախագահը, ո՛չ այս արտգործնախարարը, ո՛չ ՀՀ նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։ 

Հարցը՝ ինչո՞ւ մինչեւ այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն։ Պատրաստվո՞ւմ եք գնալ։ Կոնկրետ՝ ե՞րբ։ Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են։ Ճշգրիտ։ 

Աղվան Վարդանյանի հարցը՝ կառավարությանը

Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 27-ի նիստում