կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 03:42
Տնտեսական

Արցախ են այցելում նաև Գաբոնից եւ Կոտ Դիվուարից

Արցախ են այցելում  նաև Գաբոնից եւ Կոտ Դիվուարից

Արցախի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա առաջին 9 ամսիների ընթացքում ԼՂՀ են այցելել ավելի քան 7000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը զգալիորեն գերազանցում է 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԵՄ երկրների, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Վրաստանի քաղաքացիները և այլն: Այս տարի առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ Դիվուարի քաղաքացիներ: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը:

Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IVդ.), Դադիվանքի (IV դ.) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան:

Ի դեպ, պարզվում է, որ Տիգրանակերտն ամենաայցելվող վայրերից է հիմա, հատկապես տեղացիների կողմից. կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի տեղեկացմամբ` 3.5 ամսվա ընթացքում Տիգրանակերտի թանգարանն ունեցել է 10 հազարից ավելի այցելուներ, որոնց մեծ մասը Արցախի բնակիչներ են: Սա, ըստ Ս.Շահվերդյանի, խոսում է նաև տեղական զբոսաշրջության զարգացման մասին:  

Նրա խոսքով, զբոսաշրջիկներին բնությունից ու պատմական հուշարձաններից բացի գերում է նաև արցախցիների հյուրասիրությունն ու բարյացակամությունը: