կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 13:05
Հասարակություն

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում․ ԿԳՄՍՆ

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում․ ԿԳՄՍՆ

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում:

Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: 

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել. «Սա առաջին միջազգային օլիմպիադան է, որ անցկացվելու է Հայաստանում, և բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար: Հույս ունեմ՝ լավ մեկնարկ կլինի հաջորդիվ այլ օլիմպիադաներ ևս Հայաստանում անցկացնելու համար»:

Հանդիպմանը քննարկվել են օլիմպիադայի կազմակերպչական, անցկացման, բովանդակային հարցեր: Կազմկոմիտեի անդամները տեղեկացրել են, որ ընթացիկ հարցերի վերաբերյալ որևէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և վստահ են՝ օլիմպիադան կկայանա բարձր մակարդակով:

Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են, որ այս օրերին հասցրել են սիրել Հայաստանը՝ որպես պատմամշակութային օջախ: