Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես կարելի էր սեփական պաշտոնի համար, սեփական իշխանության վերարտադրությունn ապահովելու համար պատրաստ լինել զոհել պետություն, մի ամբողջ անվտանգություն ու մի ողջ ժողովրդի արժանապատվություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Թերևս այս հարցն է, որ գրեթե մեկ տարուց ավելի է՝ իրեն տալիս է ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը: Թուրքի կողմից օղակը գնալով ավելի է սեղմվում: Հայկական պետության շուրջը սեղմվում է, քանի որ չկա քաղաքական հակազդեցություն, որովհետև իշխանությունը զավթածի օրակարգում չկա պետությունը պաշտպանելու մտադրություն: Դրված է հայկական շահի պահպանության խնդիրը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրքի արած հայտարարությունները ավելի մտահոգիչ ու սարսափազդու են դարձնում գալիքի մասին մտահոգությունները»,- նշեց նա:
Մկրտչյանն ընդգծեց, որ թուրքը հայտարարում է՝ Հայաստանի ղեկավարն աղերսում է հանդիպում, իսկ ինքը չի պատրաստվում հանդիպել: Սպառնում է միջանցքի մասին, այսինքն՝ Հայաստանի փաստացի բաժանումը համարում է անխուսափելի: Արցախի ժողովրդի գոյության հարցը ուզում է դնել փակուղի, գերիների վերադարձի մասին խոսելը համարում է ավելորդ:
«Հասել ենք անգամ այն կետին, որ թուրքը խոսում է ՀՀ սահմանադրական փոփոխությունների մասին: Հայ ժողովրդի թշնամիների օգնությամբ իշխանական աթոռը գրավածը, մերժելով հայկական բոլոր դիվանագիտական հաջողությունները, ստվերելով ռազմական հաղթանակները, օպերատիվ կապով տվել է խոստումներ և անում է մի բան՝ գլուխը կախ կատարում է այդ հակահայկական խոստումները: Սրանք ՀՀ քաղաքացուց թաքցնել այլևս հնարավոր չէ»,- ասաց պատգամավորը:
Աննա Մկրտչյանը նշեց, որ պատասխան չունի միայն մեկ հանգամանք, թե որքա՞ն պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ ուղղակի թույլ չտաս իրականացնել պարզունակ ինքնապաշտպանություն:
«Գիտենք, որ բանավոր պայմանավորվածություններով ՀՀ անվտանգության, տարածքների ու Արցախի պետականության կործանման հանձնառությունն է ստանձնել: Բայց ինչո՞ւ չգնալ ու չթողնել յուրաքանչյուրի, որը այդ բանավոր պայմանավորվածությունները չի տվել, որը կաշխատի Հայաստանի ու Արցախի շահով, առանց վախի, թե թուրքը կասի՝ իր հետ հանդիպում է աղերսել:
Դավադիր անհայրենիքին մնացել է ընդամենը մեկ քայլ՝ մեր հայրենիքը դարձնել ոչինչ, քանի որ արդեն ասում են, որ մեր ապրելը հանուն ոչնչի է: Ուզում եմ հիշեցնել, թե ինչից էր սկսել: Սկսել էր հայրենիքի համար մեր հայրենակիցների մահը համարելով հանուն ոչնչի»,- եզրափակեց պատգամավորը: