կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 14:49
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։

Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։

Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որում նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։

Պաշտպանը հիշեցրեց, որ, ԿԸՀ որոշման հետ կապված, «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով՝ հարցի վերջնական լուծման ժամկետն սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։