Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիս-Կապան մայրուղով բնակիչները տեղաշարժվում են խմբերով ու ռուսական կողմի ուղեկցությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ու Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։
«Իրականում աչքով տեսնելու բան չէ այն կարգավիճակը, որ տիրում է։ Պիտի հավաքվեն 20-30 մեքենա ու ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս»։
Բնակիչները, ըստ Արշակյանի, աշխատում են գլխավոր մայրուղով չերթևեկել, որ խոչընդոտների չհանդիպեն։ Շուռնուխցիները, տեսնելով ադրբեջանական ոստիկանական անցակետերը, չեն համակերպվում տեսարանին։
«Շուռնուխում հիմնականում էն տղերքն են բնակվում, որոնց աչքի համար դա տեսնելը չափազանց ծանր է։ Իմ աչքի համար դա դժվար էր, երբ այդ հատվածն էի անցնում։ Ցերեկը եթե վտանգավոր է, գիշերն էլ է վտանգավոր լինելու։ Երեկի անցնելու համար էլի 20 ավտոմեքենա է հավաքվելու, որ ռուսի ուղեկցությամբ անցնեն»,- ասել է նա, որն այսօր առավոտյան է երթևեկել Գորիս-Կապան մայրուղով։
Սեպտեմբերի 18-ի երեկոյան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված երկու քաղաքացիների դեպքին համացանցով է տեղեկացել ու հայտնում է, թե ճանապարհից շեղվել պարզապես հնարավոր չէր։
«Էդ ճանապարհից ոչ մեկ չի կարա շեղվի, ասեն շփոթվել են, մտել իրենց տարածքները։ Նման բան չկա։ Մ2-ից ո՞վ կարա շեղվի ու անցնի եսիմ ուր, նման բան չկա։ Մենք գիտենք՝ իրենք ոնց ուզում անում են։ Նույնիսկ կարող է նման դեպքեր կրկնվեն, պատերազմի մասնակից լինի, կամ եթե չլինի, ուղղակի տանեն, հնարավոր բան է»։
Արշակյանը նշում է, որ ադրբեջանական կողմի նպատակը ակնհայտ է, միշտ էլ հայտարարել են, որ տարածքները, իբր թե, իրենցն են։ Այսօր արդեն ինչպես գյուղապետն է ասում՝ ճանապարհն իրենցով են արել։
«Եթե այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է ժողովուրդը գնում՝ նշանակում է արդեն իրանցով են ճանապարհը արել»։
Գյուղապետը հայտնեց, որ Շուռնուխ, Կարմրաքար հատվածում, որը մոտ մեկ ամիս առաջ փակել էին ադրբեջանցիները, խնդիրներ չկան, անցակետը գործում է միայն Որոտանի հատվածում։
«Իրանք հա էլ ասում էին մերնա։ Շուռնուխի ամբողջ տարածքը, միջպետական ճանապարհն էլ են ասում իրենցն է»։
Պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում ոչինչ չի փոխվել, կրկին արթնանում են ու տեսնում ադրբեջանական դրոշը իրենց տարածքում, իսկ թշնամին այստեղ սադրանքի չի դիմում։
«Սսկված իրենց տեղը վեր դառած են»,- ասաց Արշակյանը։