կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 16:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետ կորած զինծառայողների հարազատները վարչապետից պահանջում են իրենց զավակներին

Իմ երկու տղին ես տվել եմ հայրենիքին, բայց խնդրում եմ, հարգարժա՛ն պարոն վարչապետ, ինչ-որ բան ձեռնարկի, մեր երեխեքին գտի, բեր, եթե ուզում ես սաղ լավ լինի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը։ Նրանք հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխանել իրենց հարցերին:

«Պարտադիր զինծառայող են եղել, ծառայել են Ջաբրայիլում: Երկուսն էլ չկան: Հոկտեմբերի 9-ից արդեն երկու ամիս է՝ ոչ մի պատասխան չունեմ: ՊՆ-ից եմ ուզում պատասխան, երկու ամիս խաբում են, տանում-բերում են: Ասացին՝ էլեկտրոնային նամակ գրի, գրել եմ, 2 օր առաջ գնում եմ, ասում են՝ գիտե՞ք՝ ինչ կա, ձեր տղաներին գցել են անհետ կորածների ցուցակի մեջ: Բայց մինչ էդ ինձ տանում-բերում էին: Իրենց երեխեքին տարան փափուկ տեղերը պահեցին, վաղը իրենք իրենց երեխեքով, թոռներով են ուրախանալու, ես ումո՞վ եմ ուրախանալու»,- ասաց նա:

Դեռ հոկտեմբերի 15-ին Ջաբրայիլում ծառայող տղաների ծնողները դիմում են ներկայացրել, սպասել են ու մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։

«Մի քանի անգամ փորձել ենք առաջարկել, որ հանձնաժողով ստեղծվի, այս հարցը կարգավորվի, բայց իրենք խաբել են։ 3-4 անգամ հանձնաժողովի նախագահ փոխվեց, ամեն անգամ 2 օր ժամանակ էին խնդրում: Հիմա նոյեմբերի 3-ից մեր ծնողների պարտադրանքով հիմնվեց Ուլնեցու վրա տեղեկատվական կենտրոնը: Հավաքագրեցին տեղեկությունները, բայց ոչ մի գործ չեն արել: Մենք իրենց կոնկրետ տեղերով վիրավոր տղերքի տեղեր ենք ասել: Հադրութի դպրոցի հետեւը մարդիկ են եղել: Հոկտեմբերի 2-ին, երբ ամսի 16-17-ին Հադրութը թողեցին, թուրքերը ցույց տվեցին, որ էդ դպրոցից վիրավորներ հանեցին: Երեք օր առաջ թուրքերը նորից ցույց տվեցին, թե ոնց են էդ տարածքից թաքնված վիրավոր  երեխեքին հանում: Այսինքն՝ սրանք միտումնավոր չեն ուզում, որ նորակոչիկները վերադառնան: Ինձ այդպես է թվում, որովհետեւ իրենք գաղտնիքներ կասեն, թե իրենց ոնց են վերաբերվել, այս ամբողջ գործողությունը ոնց ա կատարվել: Իմ տղան ամսի 8-ին Այգեձոր գյուղում վիրավորվել է, հետո հետքը կորել է»,- ասաց մեկ այլ ծնող:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մոտեցավ բողոքող հարազատներին։

«Եթե դուք՝ ձեր ղեկավարներով, անզոր եք, ժողովրդին պարզ ասեք, ժողովուրդը կդիմի ռուսական զորքին, որովհետեւ ձեզնից ոչ մեկը չի աշխատում: Մեր ոչ մի հարցի պատասխան մինչև էսօր չի տրվել, ոչ մի խոստում չի կատարվել»,- ասացին նրան:

Ցուցարարների տեղեկություններով՝ Կարմիր խաչը երեկ պետք է արդեն Հադրութ մտներ, բայց չի մտել:

«Պարզ է, թե ինչու չեն մտել, որովհետեւ Ադրբեջանը չի թողել: Հիմա դրա համար ենք ասում՝ չեք կարող անել, գնանք ռուսներին դիմենք, խնդրենք աջակցել: Թող ռուսական զորքը գնա առաջ, կամ Ռուսաստանը թող բանակցի: Այսքան ժամանակ գոնե մեկ հոգու տվյալ մեզ չի հասել: Ես փնտրում եմ երկու հոգու՝ եղբորս ու իր որդուն: Ոչ մի տվյալ չկա: Ինչ ունեցել ենք ինֆորմացիա, տվել ենք: Ես երկու անգամ գնացել եմ Հադրութ, Ազոխ, զորքին էլ եմ տեսել, զորքի պայմաններն էլ եմ տեսել: Լսել ենք՝ ինչեր է կատարվել, սպաներն ինչեր են արել: Սպաների տվյալներ ունենք, որ մարդը կարող է կոնկրետ ասի՝ անտառի այս-այս հատվածում կա այսքան զինվոր: Ինքն ավելի ստուգ գիտի: Ասում ենք՝  հրավիրեք այդ սպաներին, բայց էսքան օր այդ սպաներից ոչ մեկը չի հայտնվել, ոչ մի բացատրություն չի տվել: Նախարարն ասաց, որ աշխատանքներ են կատարվում»,- ասաց մեկ այլ ցուցարար:

Ակցիայի մասնակիցներից Արսեն Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրենց վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է, որ գերիներին բերեն, Կարմիր խաչի հետ համագործակցում են, քարտեզագրումները տալիս են Կարմիր խաչին, դա փոխանցվում է Ադրբեջանի Կարմիր խաչին, որն էլ Ադրբեջանի զորքի ու ԱԻՆ-ի հետ սկսում է որոնողական աշխատանքները, բայց արդյունք չկա։

Նրանք նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ասել են, որ կան սպաներ, որոնք, իրոք, հանցագործ են, և խնդրել այդ մարդկանց պատասխանատվության կանչել:

«Նախարարն ասաց՝ անհոգ եղեք, այդ ամենն իմ վերահսկողության տակ է: Ես էլ ասել եմ, որ հուսով եմ, որ այդ պատիժը կկրեն՝ սկսած ամենավերին օղակներից, ոչ թե ներքեւի օղակից 1-2 կապիտան, ավագ լեյտենանտ դատեն, իսկ վերեւինները ազատվեն: Մարդ կա, անունը դեռ չեմ ասի, այդ հարցը դեռ կբարձրացնենք, գիտենք, որ ինքը շատ մեծ սխալ է արել, բայց էսօր լսում ենք, որ պարգեւատրվել է»,- ասաց նա:

Ֆեյսբուքյան գրառումներ կատարողներին անհետ կորածների ծնողները հորդորեցին ուշքի գալ, վիդեոների տակ լկտի քոմենթներ չգրել։

«Մի՛ արեք դա: Որդեկորույս ծնողներին հայհոյելը տականքություն է: Այս հարցը ունենալու է իր վերջը, եւ դրանից հետո զբաղվելու ենք ձեզնով ու շատ խիստ ենք զբաղվելու: Եթե այդքանը չեք հասկանում, եթե ուղեղ չունեք, որ մի հատ կարդաք կամ լսեք, թե մենք ինչ ենք պահանջում, եթե դուք էդ պահանջը չեք հասկանում, մի՛ էլ գրեք այդպիսի բաներ: Չի կարելի երեխա կորցրած մորը վիրավորել»,- ասացին նրանք: