կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-08 19:47
Առանց Կատեգորիա

Իմ կարծիքով՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները մեր արևելյան շրջանների հետևի մասում են. Հովիկ Աղազարյան

Իմ կարծիքով՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները մեր արևելյան շրջանների հետևի մասում են. Հովիկ Աղազարյան

Էս պահին քարտեզը դիմացս չի, որ կողմոնորոշվեմ, թե որոնք են արևմտյան շրջանները, բայց իմ կարծիքով դրանք մեր արևելյան շրջանների հետևի մասում են, եթե չեմ սխալվում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը:

Նշենք, որ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում Փաշինյանը խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասաց․

«Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք և կոնկրետ ջանքեր կգործադրենք արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Մենք Աղազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դրանք Ադրբեջանի գրավյալ տարածքներն են, թե՞ դեպի Սյունիք հատվածը:

-Չէ, դժվարանում եմ կողմնորոշվել, իմ կարծիքով Կովսականից մինչև Ջաբրայիլ տարածքների մասին է խոսքը, երևի:

Հարցին, թե արդյո՞ք նա համարում է պատմական ադրբեջանական տարածքներ՝ իշխանական պատգամավորն ասաց.

«Ես չեմ կարծում, որ դրանք հին ադրբեջանական տարածքներ են, ես գիտեմ, որ դրանք հին հայկական են: Ադրբեջանը պատմություն չունի, ոնց կարող են դրանք ադրբեջանական պատմական տարածքներ լինել: Ես չեմ կիսում իրենց (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և մյուս թիմակիցներին) կարծիքը, երբ ասում են, որ դրանք ադրբեջանական հողեր են»:

Վերջում էլ եզրափակեց.

«Մի քիչ ավելի հեշտ հարց տվեք, ես կպատասխանեմ, ասեք՝ պարոն Աղազարյան, Դուք համաձա՞յն եք, որ ճանապարհներն ապաշրջափակվեն, ես կասեմ՝ այո: Հիմա էս հարցում քարտեզն իմ առաջ չէ, որ ես կողմնորոշվեմ՝ որն է արևելքը, որն է արևմուտքը»: