Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացի, Նիկոլի հեղափոխական իշխանության ամենանախկին պաշտոնյան՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Սահմանամերձ Ոսկեպար գյուղում արված այս լուսանկարում ձախից խորհրդային բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, սակայն գնդապետի ուսադիրներ կրող, ներկայումս ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, 22 օրից 67-ամյակը լրացնող Արմեն Ղուլարյանն է՝ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ոսկեպարի երջանկահիշատակ գյուղապետ Հրուշ Աղբալյանի հետ։ Հիմա, նոր ուսումնական տարում ամեն առավոտ ավտոմեքենան Իջեւան քաղաքից Դիլիջան 34 կմ ճանապարհ կտրելով՝ Արմեն Ղուլարյանի առաջին դասարանցի երկու թոռնիկներին հասցնում է Դիլիջան քաղաքի ԱՅԲ դպրոց, որտեղ մեկ աշակերտի ուսման տարեկան վարձը 1 միլիոն 400 հազար դրամ է։ Արմեն Ղուլարյանը Իջեւան քաղաքից է, Նիկոլ Փաշինյանի հայրենակիցը, այժմ նրա հետ պայքարում է «նախկինների» դեմ։ Արմեն Ղուլարյանից Հայաստանում նախկինը չկա, նա այժմ կենսագրության մեջ իր կուսակցական պատկանելիության մեջ գրել է՝ անկուսակցական, նախկինում եղել է կոմկուսի ոչ շարքային անդամ, դիմում է գրել ՀՀՇ ընդունվելու համար, 15 տարի եղել է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավարը։ Շատ մեծ պաշտոններ է վարել Արմեն Ղուլարյանը՝1976-1980 թթ.-ին՝ Իջևանի շրջանային խորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար, 1980-1988 թթ. -ին՝ Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ, 1988-1990 թթ.-ին՝ ՀԿԿ Իջևանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1990-1996 թթ. –ին՝ Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար, 1996-1999 թթ.-ին՝ Իջևանի քաղաքապետ, 1999-2014 թթ.-ին Տավուշի մարզպետ, 2014-2016 թթ.- ին՝ քաղաքաշինության նախարարի տեղակալ, 2016-2018 թթ. –ին՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 2018-2021 թթ. – ին՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 2021 թ. հունվարի 27-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,- գրել է նա: