կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 14:39
Աշխարհ

«Թալիբան»-ը հույս ունի, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը Աֆղանստանին

«Թալիբան»-ը հույս ունի, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը Աֆղանստանին

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո ամերիկացի զինվորականներն անկանոն կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա: Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել է «Թալիբան» շարժման մամուլի քարտուղար, մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավար Զաբիուլլահ Մոջահիդը:

Անդրադառնալով Քաբուլի օդանավակայանի անվտանգության հետագա ապահովման թեմային, որտեղ տեղակայված էին նաև թուրք զինվորականները, շարժման ներկայացուցիչը վստահեցրել է, որ թալիբները հատուկ ջոկատներ ունեն այս օդանավակայանը պաշտպանելու համար:

Մուջահիդը նշել է, որ Համիդ Քարզայի օդանավակայանի լոգիստիկ և տեխնիկական հնարավորությունները կբացահայտվեն տարածքի վրա լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո: «Թեև թալիբները բանակցություններ էին վարում Թուրքիայի հետ, մենք վստահեցրինք Անկարային, որ անվտանգության հետ կապված խնդիրներ չեն լինի: Անհրաժեշտության դեպքում թալիբները օգնություն կխնդրեն Թուրքիայից կամ այլ երկրից»,- շարունակել է նա:

Շարժման խոսնակն այնուհետև հայտարարել է, որ թալիբները հավատարիմ են Անկարայի հետ կառուցողական հարաբերություններին:

«Թուրքիան և նրա ժողովուրդը Աֆղանստանի բարեկամներն են: Մենք  մեր փոխգործակցությունը շարունակելու բազմաթիվ պատճառներ ունենք»,- ասել է Մոջահիդը:

Նրա խոսքով՝ թալիբները հույս ունեն, որ Թուրքիան կշարունակի աջակցել Աֆղանստանի զարգացմանը: «Մենք նաև ցանկանում ենք տնտեսական կապեր հաստատել Թուրքիայի հետ: Ինչպես նախկինում, Աֆղանստանին կրթության ոլորտում անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը: Թալիբները խնդրում են թուրք ժողովրդին և պետությանը՝ պահպանել բարեկամական հարաբերություններ, քանի որ աֆղան ժողովրդին և թուրք ժողովրդին կապում են խոր պատմական հարաբերությունները»,- ասել է շարժման խոսնակը: