կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 23:24
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի դեսպանատուն մտնելիս նռնակը չի տրաքել․ Սիմոն Գաֆալյանը մանրամասներ է պատմում Լիզբոնի հնգյակի գործողությունից

Քունգ ֆուի մարզանք էինք անում՝ ինքնապաշտպանության, Սաքոյի ոտքը ծնկից ջարդվեց՝ իմ աչքի առջև ծալվեց, ոսկորը մի քանի տեղից կոտրվել էր, գիպսի մեջ էր, հետաքրքրական է, որ տակավին չէր առողջացել, դեռ ժամանակ էր պետք մեկ-երկու ամիս, ինչպե՞ս է գնացել գործողության, զարմանում եմ, գիպսը կտրե՞լ է, թե՞ այդպես է գնացել, տանը գավազանով էր ման գալիս, դուրս չէր ելնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում Լիսբոնի 5 նահատակներից Սարգիս Աբրահամյանի մասին պատմեց ՀՅԴ անդամ Սիմոն Գաֆալյանը, որը Լիբանանի Բուրջ Համուտ թաղամասում ապրել է այդ տղաների հետ կողք կողքի։ 

19-21 տարեկան տղերք էին Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, երբ գրոհեցին Պորտուգալիայում՝ Լիսաբոնում, Թուրքիայի դեսպանատան վրա, որպեսզի աշխարհի ուշադրությունը սևեռեն Հայ Դատի վրա։

Երկու ամբողջովին պայթուցիկներով լցված ավտոմեքենայով՝ 1983 թվականի հուլիսի 27-ին նրանք ժամանեցին Պորտուգալիայում թուրքական դեսպանատուն։ Նախօրոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին։ Սակայն հայ վրիժառուների՝ դեսպանատան շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսվում է փոխհրաձգություն և սպանվում է Սիմոն Յահնիյանը։ Մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։ Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը՝ վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ, գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։ Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում, ապա լսվում են պայթյունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։

«Նրանք հենց սկզբից նահատակության ճանապարհն են բռնած լինում, գնում են՝ նահատակությունն աչքի առաջ առնելով։ Այս պարագայում ուղղակի նախապես որոշված էր, որ գնում են նահատակության, որ աշխարհին ցույց տան՝ ինչու համար արեցին։ Եվ դա ծառայեց նպատակին․ եվրոպական տարբեր երկրներից լրագրողներ եկան Լիբանան, հանդիպեցին նրանց ընտանիքներին, հարցազրույցներ արեցին, հետաքրքրվեցին՝ այս մարդիկ ո՞վ են, ի՞նչ են, որտեղի՞ց են ելել, ու տեսան, որ այս ընտանիքները շատ համեստ, ոչ մի հավելյալ աղտոտ գործունեություն չեն ունեցած իրենց կյանքի ընթացքում, իրենք այնքան մաքուր էին մեծացել, որ պարզապես իրենց միակ «հանցանքը» ազգասեր, հայրենասեր լինելն է։ Գնացին նահատակության, որ աշխարհը ճանաչի Հայ Դատը»,-պատմեց Սիմոն Գաֆալյանը։

Նա մանրամասներ պատմեց գործողությունից․ տղաներին չի հաջողվել մտնել դեսպանատուն, որովհետև իրենց խմբապետը՝ Սիմոնը, նռնակ է նետել, որպեսզի այդ նռնակի աղմուկից դուռը չփակվի, որ կարողանան ներս մտնել, բայց նռնակը չի տրաքել։ Թերթերի նկարներում չտրաքած նռնակ կա ընկած։ Այդ չտրաքելը փոխհրաձգության է վերածվել, արդեն Սիմոնը այնտեղ է նահատակվել, իսկ մյուս 4 տղերքը չեն կարողացել մտնել, և պտտվել են շենքի շուրջն ու մտել դեսպանի տունը։ Թերևս նախապես է դա ծրագրված եղել։ Իրենց պայթեցնելուց առաջ վրիժառուներն ազատ են արձակում պատանդ կնոջն ու դստերը։

«Հայ դատի մարտիկները երբեք կանանց և երեխաներին ձեռք չեն տալիս՝ ժողովրդի վրա ձեռք չեն բարձրացնում․ ինչպես Խանասորի արշավանքը՝ հուլիսի 25-ին, նպատակն այն էր, որ միայն թուրքական կառավարության, ոչ թե թուրք ժողովրդին, այլ պետությունն ինքն ընդունի Հայոց Ցեղասպանությունը»,-ասաց Գաֆալյանը։

Տղաների մոտ նույնիսկ 3-4 օրվա պահուստ է եղել՝ ուտելիք և դիմակայելու միջոցներ, նաև թուղթ է եղել, որի վրա նրանց պահանջներն է գրված եղել արդար դատի մասին։

Այս տղաները երբեք Հայաստանում չէին եղել, բայց երազում էին ազատ, անկախ, միացյալ Հայաստանի մասին։

«Անկախ Հայաստանին հասնելու ճանապարհը հասնելն էր այն կետին, որ թուրքական պետությունը ընդունի Ցեղասպանությունը և մնացածը կետ առ կետ, քայլ առ քայլ հասնի իր նպատակին, և արդարությամբ մեր նախնիների բնակված հայրենիքը, ծննդավայրը, մեր իսկական հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը միավորվի Արևելյան Հայաստանի հետ։ Բնական է, որ վերջում պիտի միավորվի, չի լինի այդպես՝ մեկ Հայստան է, մեկ ժողովուրդ, մեկ ազգ ենք»,-ասաց Սիմոն Գաֆալյանը։

Ու անմիջապես էլ մտահոգությամբ հավելեց՝ ներկա Հայաստանը տակավին Լիսբոնի տղերքին չի ճանաչում, տղերքը նույնիսկ մի տեղ չունեն Հայաստանում, որ երթանք գոնե տարին մեկ անգամ խունկ վառենք։

Սիմոն Գաֆալյանը, որ Լիսբոնի տղաների հետ կողք-կողքի է մեծացել, ասում է՝ իրենք էլ էին զարմացել՝ ինչպես այդ տղերքն այդպիսի բան արին։

«Ոչ մեկիս մտքով չէր անցնում․ Սաքոն մեր լավ ընկերն էր, պիկնիկներ էինք գնում, ոչ մեկից ոչ մի բան չենք լսել։ Վաչեն մի անգամ, լավ եմ հիշում՝ ընկերոջս հետ կանգնած էինք, անցնում էր՝ Միթսուբիշիով էր, անցնում էր, մենք ալ՝ Վաչե՞, Միթսուբիշի ե՞ս քշում։ Վաչեն պատրաստվում էր ոնց որ նշանածին, այդ մտադրության մեջ էր, լավ կյանքի մեջ էր։ Բոլորի զարմանքն էր՝ ինչպե՞ս իրենց «ես»-ը հավաքելով՝ ոտնակոխեցին»,-հիշեց Գաֆալյանը։

Սաքոն, օրինակ, մինչև գործողության երթալը ուզում էր ավտո քշել սովորել։

«Ես մի քանի անգամ իրեն տարել էի ճանապարհ՝ ավտո քշելը սովորեցնելու, այդ ընթացքի մեջ էր, մի հատ Ֆոլցվագեն ունեին։  Սիմոնը ավելի ուսումը և որսորդությունն էր սիրում, իրենք Այնճար գյուղում տուն ունեին։ Բոլորն էլ բացառիկ, շատ լավ ընկերներ էին, լավ կյանք ունեին։ Սեդրակին ամեն օր չէի հանդիպում․ դեպքից հետո էր, որ սկսեցինք մենք էլ հետաքրքրվել։ Վաչեն ուներ սիրած աղջիկ, Սաքոն էլ»,-պատմեց մանկության ընկերը։

ՀՄԸՄ-ի իրենց ակումբում հայ ֆիդայիները միշտ օրինակ էին՝ երգեցողությամբ, խաղերով։

«Որ սկսեինք երգել՝ ինքնաբերաբար 10 անգամ հետևում ես երգին, քո մեջ այդ ոգին է դառնում, որ դու պիտի լինես մաքուր հայ։ Մեկ օրում չեն պատրաստվել տղերքը, հավաքվել էին, խոսել, լռակյաց իրենց պատրաստությունը տեսել։ Վերջին օրը բոլորն էլ իրենց ծնողներին, որպես վերջին խոսք, թուղթ էր թողել, որ գնում է, իբրև թե, հանգստանալու, իրեն չփնտրեն, ծնողներն էլ չէին փնտրել»,-պատմեց Սիմոն Գաֆալյանը։

ՀՀԲ-ի մասին, ասաց, չգիտեին, նրանց գործողությունից հետո իմացան։

«19-21 տարեկան տղերքը հասունանալու, ոտքի կանգնելու, աճելու, ընտանիք կազմելու, կյանքը բարելավելու, այդ ուժեղ լինելու ընթացքի մեջ էին։ Նրանց ընտանեկան կյանքը վատ չէր, որ գանգատեին՝ այս ի՞նչ կյանք է, տնտեսական վիճակը վատ է, չէ՛, շատ նորմալ, հանգիստ ապրում էին, ոչ մի ավելորդ նյութական, տնտեսական դժվարության մեջ չէին։ Իրենք իրենց «ես»-ը զոհաբերեցին․ 5 տղերքը, հավաքվելով, իրենց անհատական «ես»-ը զոհաբերեցին։ Մատղաշ կյանքները նվիրեցին, պատգամ թողեցին նոր սերունդին, որ նոր սերունդը տեսնի, և այդ գաղափարով, այդ միտքով, այդ ձևով զինյալ պայքարի մինչև արդարություն հասնելու գործը շարունակվի։ Սա ամենակարևոր բանն էր։ Նույնիսկ արցախյան շարժման ժամանակ Լիսբոնի տղերքին էինք օրինակ բերում»,-ասաց Սիմոն Գաֆալյանը։

Նա նշեց, որ ամեն ինչ ակունքից՝ ծնված օրից է գալիս․ Սփյուռքում երեխեքի դաստիարակությունն այնպես են կազմակերպում, որ ամեն երեխա պատրաստ է իր երկրի, հողի, ժողովրդի համար նվիրվել, նույնիսկ իր կյանքը զոհաբերել։ Այդ դաստիարակությունը մանկուց կա երեխաների մեջ՝ հայ մեծանալ, հայ ընտանիք կազմել, հայ երեխեք դաստիարակել, հայու ոգին ներշնչվում է դպրոցից, եկեղեցուց, ակունքներից։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․