կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 15:20
Աշխարհ

ԱՄՆ-ն Իսրայելին համոզել է հրաժարվել Գազայում ցամաքային գործողությունից

ԱՄՆ-ն Իսրայելին համոզել է հրաժարվել Գազայում ցամաքային գործողությունից

ԱՄՆ-ն Իսրայելին համոզել է հրաժարվել Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողությունից: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմում աղբյուրներ:

Ըստ դրանց՝ Իսրայելը «ցամաքային ներխուժման շեմին էր», որը կարող էր հանգեցնել ավելի ձգձգվող հակամարտության: Միացյալ Նահանգների միջամտության շնորհիվ, ըստ հրապարակման աղբյուրների, հրեական պետության իշխանությունները հրաժարվել են այդ ծրագրերից:

Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության աճը մոտենում է ավարտին: ԱՄՆ պաշտոնյաները գաղտնի կոչ են արել վարչապետ Բինյամին Նեթանյահուին և նրա օգնականներին՝ դադարեցնել ռազմական գործողությունը պաղեստինցի արմատականների դեմ: Հենց դրանից հետո էլ, ինչպես նշում է թերթը,  Նեթանյահուն հրապարակավ հայտարարեց, որ առջևում դեռ մի քանի օրվա ռազմական գործողություններ կան:

Ըստ ամերիկյան թերթի՝ Վաշինգտոնը հենց սկզբից հույս էր դրել ճգնաժամի շուտափույթ ավարտի վրա: ԱՄՆ պաշտոնատար անձինք ընտրել են Իսրայելի վրա անուղղակի ճնշման ռազմավարությունը՝ խուսափելով Գազայի հատվածին հարվածները դադարեցնելու պաշտոնական պահանջներից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հակամարտությունը կարգավորելու փորձերից:

Այնուամենայնիվ, նշում է Politico-ն, իրավիճակը մնում է անկանխատեսելի, և եթե կողմերից մեկը գնա առճակատման սրման, հրադադարի ռեժիմի հաստատման ջանքերը կարող են փլուզվել: ԱՄՆ-ը քննարկում է Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը: Ըստ Politico-ի աղբյուրների՝ հակամարտությունը «կարող է ավարտվել փուլերով»՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար հրթիռային հարվածների ժամանակավոր դադարեցմամբ: