Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ:
Առանց Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարի՝ մեր պետականությունը ենթակա է ամբողջական փլուզման:
Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը, պանթուրանական ծրագրերը ձախողելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության, բայց մասնավորապես Սյունիքի հայ երիտասարդության պարտականությունն է:
Մեր ազգային գոյամարտի այս հանգրվանում աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները զորաշարժի են ենթարկում իրենց բոլոր ուժերը, մտնում պայքարի դաշտ ու մեկնարկում «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.
– ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակներում քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,
– ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,
– Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում,
– Սյունիքում երիտասարդական կենտրոնների ստեղծում,
– երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիր»-ի իրագործում,
– Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ:
Կոչ ենք ուղղում հանձնառու երիտասարդությանը` մասնակից դառնալ մեր աշխատանքներին և ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ
Երեւան, 22 Հուլիս, 2021
(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)
Արցախեան վերջին պատերազմէն ետք Ազրպէյճանը կը շարունակէ սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երեւանի, Սեւանայ լիճի և յատկապէս Սիւնիքի գծով:
Առանց Սիւնիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարին մեր պետականութիւնը ամբողջական փլուզումի ենթակայ է:
Սիւնիքի հայութեան դիմադրողական ոգիի հզօրացումը, փանթուրանական ծրագիրները ձախողեցնելը եւ Հայաստանի իշխանութիւններու պարտուողական քաղաքականութեան դէմ պայքարը ամբողջ հայ երիտասարդութեան, բայց ի մասնաւորի Սիւնիքի հայ երիտասարդութեան, պարտականութիւնն է:
Մեր ազգային գոյամարտի այս հանգրուանին, աշխարհասփիւռ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնները զօրաշարժի կ‘ենթարկեն իրենց բոլոր ուժերը, կը մտնեն պայքարի դաշտ ու կը մեկնարկեն «Դէպի Սիւնիք» ծրագիրը, որ կը նախատեսէ.
– Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակներու վրայ քաղաքական, արտաքին յարաբերական և քարոզչական աշխատանքի ծաւալում։
– Ամրապնդելու համար ազգային ոգին, պատանեկան ճամբարներու կազմակերպում։
– Սիւնիքի երիտասարդութեան խնդիրներու լուծման նուիրուած ուսումնասիրութիւններու պատրաստութիւն եւ խորհրդաժողովի կազմակերպում։
– Սիւնիքի մէջ երիտասարդական կեդրոններու ստեղծում։
– Երիտասարդութեան մասնագիտական կարողութիւններու և հմտութիւններու զարգացման միտող «Վերելք Ծրագիր»ի իրագործում։
– Սփիւռքի երիտասարդներու յատուկ գործուղումներ։
Կոչ կ‘ուղղենք յանձնառու երիտասարդութեան մասնակից դառնալու մեր աշխատանքներուն և իր ուժերը ուղղելու «Դէպի Սիւնիք»:
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ
Երեւան, 22 Յուլիս, 2021