Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը:
Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:
Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց բարեկեցության աճին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձևավորել պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ։
Նախագծի պատմություն
Հիմք ընդունելով 2012 թվականին Համաշխարհային բանկի իրականացրած Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները և հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ 2012 թվականին Կենտրոնական բանկը ձևավորել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողով: Վերջինս մշակել է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը:
2014-2019 թթ․ ընթացքում ՀՀ ֆինանսական կրթման ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների, զինվորականների և լայն հանրության համար։
2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին վերոնշյալ հանձնաժողովը մշակել է Ֆինանսական կրթման ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը: ՀՀ ֆինանսական կրթման ծրագրով (2021-2025 թվականների) ամփոփվում է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցած առաջընթացը, ինչպես նաև նախագծվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և դրանց ուղղված ծրագրերը, ծրագրերի արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։
Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակներն են՝ անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում, խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում, վարկերի և պարտքերի արդյունավետ կառավարում, ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում (այդ թվում՝ ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից խուսափում), ինչպես նաև հիմնական ֆինանսական հասկացությունների իմացություն և դրանց արդյունավետ կիրառում՝ անձնական ֆինանսները կառավարելիս։
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.)
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը 2014 թ.-ին գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը: Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել:
Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.)
ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն:
2021-2025 թթ. գործողությունների ծրագիր
2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում:
Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ: