կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 10:42
Հասարակություն

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցում. ԿԳՄՍՆ

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցում. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը պատասխանատու է փորձնական ծրագրի իրականացման համար:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և գործնական ճանապարհով ստացած գիտելիքների ամրապնդմանը:

«ՆԶՊ-ի չափորոշչի վերանայման ընթացքում հաշվի են առնվել նաև այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Արցախյան վերջին պատերազմից հետո: Այդ նպատակով խնդիր ենք դրել՝ բարձրացնել ՆԶՊ առարկայի որակը՝ էապես շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Նախ, վերանայվել է ընդհանուր թեմատիկ ծրագրային ներկայացվածությունը, և ներառվել են այն բաղադրիչները, որոնք արդիական են ու համապատասխանում են ժամանակակից խնդիրներին: Եվ երկրորդ՝ էապես շեշտադրվել է գործնական հատվածը. նախատեսվում է փորձարկել մարզառազմական ճամբարները, որոնք պարտադիր են լինելու 11-րդ դասարաններում սովորող աշակերտների համար»,-  նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը  քննարկվել է ՀՀ պաշտպանության ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ:

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի մարզառազմական ճամբարների ծրագիրը կփորձարկվի չորս դպրոցներում՝ 100 աշակերտի համար: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մարզառազմական միջոցառումներին դրանց ակտիվ և հաջող մասնակցությունը: Այդ ուսհաստատություններն են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցները:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է փորձարկել տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ վրանային ճամբարը, որպեսզի աշակերտներին հնարավորություն տրվի համապատասխան պայմաններում ստանալ անհրաժեշտ գործնական հմտություններ:

«Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում այդ 100 երեխայի համար, որպեսզի պատշաճ կազմակերպենք գործընթացը: Այդ տարիքի երեխաների հետ անցկացվող նմանատիպ միջոցառումների ընթացքում կարևոր են վերահսկողական մեխանիզմները. նախապատրաստական աշխատանքների կարիք կա թե՛ ծնողների, և թե՛ երեխաների հետ: Ընդ որում՝ ծնողների համաձայնությունը պարտադիր է՝ երեխաներին այդ գործընթացում ներգրավելու համար»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ առանց համատեղ աշխատանքի ծրագիրը չի կարող հաջողել: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ դպրոցներին, որ համաձայնել են դառնալ փորձնական ծրագրի մաս՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված փորձառությունը կօգնի առավել մեծ ոգևորությամբ մասնակցել մյուս փուլերին: Նրա խոսքով՝ փորձարկման ծրագրի արդյունքում այն կլրամշակվի և կբարելավվի:

Նշենք, որ ճամբարի կառուցվածքը կձևավորվի ՀՀ զինված ուժերի գումարտակի կառուցվածքի նմանությամբ, որը ներառում է երեք վաշտ, յուրաքանչյուր վաշտում՝ երեք դասակ, յուրաքանչյուր դասակում՝ տասը կամ տասներկու սովորող: Ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարը նախատեսվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար: Ծրագրի տևողությունը 12 օր է։