Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնի տեղեկատվությունը թշնամուն փոխանցելը, միանշանակ, հանցագործություն է, և այդ հանցագործություն կատարողը պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ խոսելով հայ գերիների դիմաց Վարանդայի, Կովսականի, Ակնայի ականապատ հատվածների քարտեզները թշնամուն հանձնելու մասին։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առանց որևէ նախապայմանի նշված էր գերիների վերադարձի պարտավորությունը՝ բոլորը բոլորի դիմաց։ Իհարկե, այնտեղ ժամկետ չկար նշված՝ դա ևս այս մեր դավաճան իշխանությունների բացթողումն էր, որովհետև պետք է նշված լիներ, որ նրանք անհապաղ պետք է վերադարձվեն»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։
Նա չի կարծում, թե ականապատ դաշտերի քարտեզը թշնամուն հանձնելով՝ նրանք ինչ-որ մի մեծ արդյունքի կարողանան հասնել, որովհետև տարբեր ժամանակներում ականապատվել են այդ տարածքները դեռևս 92-94 թվականներից։
«Այն ժամանակ, իհարկե, ականապատ դաշտերի քարտեզի մասին մտածելը անիմաստ էր, որովհետև մարտական ակտիվ գործողություններ էին ընթանում, և երբ դու տարածքը ազատագրում ես՝ առաջնագիծը ականապատում ես, և այդ ակտիվ գործողությունների ժամանակ նույնիսկ ժամանակ չես ունենում կոնկրետ ականների տեղը նշելու»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։
Այսուհանդերձ, քարտեզներն Ադրբեջանին հանձնելով՝ բավականին հեշտանալու է նրանց գործը այդ տարածքները վերաբնակեցնելու համար, քանի որ ականազերծելուց հետո կվերաբնակեցնեն։
«Էականն այն է, որ մեր թշնամիները Հայտարարությամբ ամրագրված իրենց պարտավորությունները կատարելու համար ինչ-որ պահանջներ են ներկայացնում, զիջումներ են պահանջում մեր այս ապիկար, դավաճանական ընթացք վերցրած իշխանություններից։ Եվ սրանք էլ իրենց ռեյտինգը բարձրացնելու համար գնում են այդ զիջումներին՝ չհասկանալով, որ Ադրբեջանի և Թուրքիայի ջրաղացին ջուր են լցնում։ Գուցեև լավ էլ հասկանում են, ու իրենց նպատակը հենց դա է՝ ձերբազատվել այն բոլոր վտանգներից, որոնք առաջ կգան Ադրբեջանի և Թուրքիայի հետ չհամաձայնելու դեպքում»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության հայտարարության մեջ Արցախի Վարանդա և Կովսական բնակավայրերի անունները նշված էին ադրբեջանական ձևով՝ Ֆիզուլի և Զանգելան։ Արտաշես Մխիթարյանի համար սա զարմանալի չէ, քանի որ այս 3 տարիներին, ինչ նրանք եկել են իշանության, Մխիթարյանի համոզմամբ, հետևողական քաղաքականություն են վարում, որ ձերբազատվեն Արցախից, իսկ դրանից հետո էլ անցնելու են Տավուշի գյուղերը հանձնելուն։
«Կազմաքանդում են բանակը, զորացրում են բոլոր գիտակ սպաներին, վարկաբեկում, խայտառակում, քրեական գործեր են հարուցում։ Ամենաակնհայտ օրինակը Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չերկարացնելն է, որը նշանակում է, որ նա պատրաստվում է նաև Տավուշի մարզի տարածքները հանձնելու, և մենք պարտավոր ենք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպան կանգնել մեր սահմաններին և չթողնել, որ ինչ-որ ստահակ իր դավաճանական ընթացքը շարունակի»,-ասաց նա։
Հանրությունը ահազանգում է, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրել, պատժել ու մեկուսացնել Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար։
Արտաշես Մխիթարյանն ընդգծեց, որ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի անհապաղ հեռացնել այս սրիկաներին և մեր երկրի անվտանգությունը ապահովել սեփական ուժերով։
Նա Գրիգորի Խաչատուրովի օրինակով ցույց տվեց՝ որքան երկար ժամանակ է պահանջվում մեկ սպա կրթելու համար, և ինչու է անընդունելի այդքան հեշտությամբ հեռացնել համակարգից։
«Խաչատուրովի օրինակը․ 16 տարեկանում ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ, ավարտելուց հետո զբաղեցրել տարբեր հրամանատարական պաշտոններ, գումարտակի հրամանատարից հետո գնացել է ռազմական ակադեմիա, ավատելուց հետո ստացել զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոն, հրամանտարի պաշտոն, կորպուսի շտաբի պետի պաշտոն, կորպուսի հրամանատար․․․ ամենաքիչը 20-25 տարի ծառայություն է դա։ Մեղրիի գնդի հրամանատարինը նույնպես 20-25 տարվա ծառայություն է, որին նույնպես հեռացրին աշխատանքից»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։
Այսպիսի 200 սպայի վեջին 2 տարում հեռացրել է Փաշինյանի թիմը։ Արտաշես Մխիթարյանը փաստեց, որ գիտակ, հայրենանվեր գեներալական կազմը հեռացվել է բանակից․ որոշ ժամանակ առաջ էլ հեռացրին ինժեներական զորքերի պետին, ՀՕՊ զորքերի պետին։
«2-ին էլ ճանաչում եմ, երկուսի հետ էլ երկար ժամանակ ծառայել եմ․ բավականին բարձրակարգ սպաներ, գեներալներ են, գործին, հայրենիքին նվիրված։ Եվ ես չեմ հավատում, որ պատահական էր նրանց զորացրումը, ոնց որ չեմ հավատում, որ պատահական է Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագրի չերկարացնելը»,-ասաց նա։
Նա ոչ միայն Խաչատուրովի մասին ցավով խոսեց, այլև մարտական փորձ ունեցող, Զինված ուժերի կայացման գործում մեծ ներդրում ունեցող սպաների ու գեներալների մասին, որովհետև համոզված է, որ նրանց հեռացնում են բանակը վերջնականապես ջարդելու, կազմալուծելու համար։
Արտաշես Մխիթարյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այն բարեփոխումները, որոնց մասին Փաշինյանի թիմը հաճախ բարձր ամբիոններից խոսում է, այդ փորձառու սպաներին բանակի համակարգից հեռացնելն է, որպեսզի կարողանան դարձնել իրենց խամաճիկը, որպեսզի կարողանան իրենց բոլոր հայրենադավ որոշումներն ու հրամանները ի կատար ածել իրենց նման խեղկատակների միջոցով։
Աննա Բալյան