Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 18-ին, Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը` ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի: Ելույթ ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի Ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, պահեստազորի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ՀՅԴ շտաբի պետ, ՀՅԴ Գյումրիի ջոկատի հրամանատար Արտաշես Մխիթարյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանի իրադարձությունները մտահոգիչ են, քանի որ ակտիվացել են ապազգային ուժերի կողմից Արցախի ազատագրված տարածքների զիջումների մասին հայտարարությունները: Ազգաբնակչության դիրքորոշման վրա ազդելու նպատակով փորձ է արվում, հանուն խաղաղության, լայն քննարկման թեմա դարձնել Արցախի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածով ամրագրված` Արցախի Հանրապետության իշխանությունների իրավազորության ներքո գտնվող տարածքների զիջման հարցը:
Արտաշես Մխիթարյանի խոսքով` պարտվողական և ազգադավ դիրքորոշումներով հայտնի գործիչներն իրենց ասուլիսներում ու հայտարարություններում արժեզրկում են իրենց մարտական ընկերների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքները` համեմատելով 2018-ի իշխանափոխությունը Արցախյան ազատամարտի հետ:
«Ադրբեջանի կողմից հնչեցված ռազմատենչ հայտարարությունները և ռազմական գործողությունների վերսկսման նրա նախապատրաստությունը մեզ պարտավորեցնում են ոչ միայն ազգովի համախմբվել և արժանի հակահարված տալ թշնամուն, այլև ազգուրաց տականքներին թույլ չտալ պարտվողական տրամադրություններ տարածել մեր ազգաբնակչության մեջ: Իհարկե, մենք չենք ուզում պատերազմ, բայց այն կանխարգելելու միակ միջոցը պատերազմին պատրաստ լինելն է»,- ասաց նա:
Արտաշես Մխիթարյանը համոզված է` խնդիրը կլուծվի, եթե ազգովի առաջնորդվենք «Զարգանալ` չզիջելով» կարգախոսով, ինչը թեև դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է: Մինչդեռ շարունակաբար զիջումների մասին խոսելով` կարելի է բռնել կործանման ճանապարհը: Ուստի առաջնահերթ խնդիր է մնում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, որով Հայաստանը պարտավորություն է ստանձնում իրավական հիմքով կատարել իր` երաշխավորի պարտականությունները:
«Արցախը մեր սրբազան հայրենիքն է, և ինչքան ուզում են այսօրվա իշխանությունները և նրանց արբանյակները մեզ հայտարարեն «ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառապողներ» կամ «ոչ մի թիզ»-ականներ, միևնույն է, մենք հայրենիք չունենք որևէ մեկին տալու: Պետք է ազգովի առաջնորդվենք «Ազգ-բանակ» հայեցակարգով, ազգովի պետք է զինվոր դառնանք: Զինված պատրաստ պետք է լինենք կրկին կանգնելու մեր զինվորների կողքին, մենք ոչինչ չունենք տալու»,- ասաց Արտաշես Մխիթարյանը: