Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, Շահրամանյանը հանրությունից թաքցնելու բան չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ մեկնաբանալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ, ամեն օր զանգում է Բաքու։
«Ճիշտ կլինի այս հարցով դիմեք Սամվել Բաբայանին, թող նա մանրամասն ներկայացնի այդ հարցը, մեզ էլ է հետաքրքրում, թե այդ ինչ տեղեկություններ են, թե Շահրամանյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է լինում Բաքվի հետ»,- նշեց նա։
Արցախի նախագահի խորհրդականը չբացառեց, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով:
«ԱԺ պագամավոր Դավիթ Գալստյանն էլ է նշել, որ նախկին նախագահները բացի իրենց ընտանիքի անդամներից նաև կապի մեջ են Շահրամանյանի հետ։ Դա ենթադրում է որոշակի միջնորդավորված աշխատանքներ։ Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում։
Մենք նաև ունենք անհետ կորածների խնդիր, Շահրամանյանն այդ հարցով ակտիվ զբաղվում է համապատասխան մարմինների հետ», - հավելեց Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ Շահրամանյանը ոչ թե կապի մեջ է Բաքվի հետ, այլ՝ այնտեղ պահվող թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ մյուս քաղաքացիների հետ։
«Բաքվի հետ կապի մեջ լինելը պետք է հասկանանք, թե ինչ տրամաբանության մեջ է։ Բաքվում պահվող մարդկանց և իրենց հարազատների միջև Շահրամանայանը փորձում է կապ ապահովել, որպեսզի այն լինի որոշակի պարաբերականությամբ»,- հավելեց նա։
Ի դեպ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ։