Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներողություն է խնդրում քաղաքացիներից Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այս ընթացքում հեռացնելու չհաջողելու հարցում: Այս մասին նա նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ: Միաժամանակ Սաղաթելյանն անդրադառնում է ՀՅԴ-ի անդամներին քննչական մարմիններ հրավիրելուն` ասելով, որ իրենք գիտեն` ինչի համար են պայքարում և շարունակելու են իրենց պայքարը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Անկհայտ է, որ այս իշխանությունը իր կառավարման ամբողջ ընթացքում ու հատկապես վերջին օրերի ընթացքում թիրախավորել է ՀՅԴ բազմաթիվ անդամների, մեկ ընկեր ունենք կալանավորված արդեն, որոշներին մեղադրանք են առաջադրել: Դա մեզ համար խիստ երկրորդական է, մենք գիտենք` հանուն ինչի ենք պայքարում ու նման որևէ մեթոդով կամ քայլով չեն կարող մեղմել կամ կասեցնել մեր գործունեությունը», - այսօր ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նաև Ասաց, որ իր ազգականներին ու այլ ընկերներին են վաղը հրավիրել քննչական մարմին. «Բոլորը պատասխան են տալու` սկսած հրահանգ տվողներից, վերջացրած կատարողներից: Վաղը կանչել են, ինձ, իմ ընկերներին, իմ հարազատներին, կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր մտել ենք այս պայքարի մեջ, գիտենք` ինչի ենք պայքարում ու պատրաստ ենք դիմադրել ցանկացած ապօրինի գործողությունների»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը նպատակահարմար չի գտնում խոսել մամուլի այն լուրերի մասին, որ ինքը երկրորդ նախագահի առաջնորդած ընտրական ցուցակում երկրորդ տեղում է լինելու. «Եթե մենք գնանք դաշինքով, բնականաբար ես այդ ցուցակում լինելու եմ: Որ տեղում, ինչ կարգավիճակով, Դաշնակցությունն ինչ մասնակցություն է ունենալու, դա մեր հասարակությունից գաղտնի չի մնալու», - ասաց նա` ի պատասխան հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին նախընտրական ցուցակ կազմելու պայմանավորվածություն կա՞ արդեն:
«Բանակցություններ կան, հայտարարել ենք, որ մասնակցելու է ՀՅԴ-ն ընտրություններին, երբ կլինի վերջնական որոշում, ու ակնհայտ կլինի, որ ընտրություններ են լինելու, հայտարարությամբ հանդես կգանք: Տեղերի մասին ոչ մի բան չեմ կարող այս պահին ասել», - հավելեց նա:
Օգտատերերը նշել էին, որ տարիներ շարունակ իրենց կուսակցությունը հանդիսացել է չընտրված իշխանության մաս, որոնք միշտ գողացել են ընտրողների ձայները, իրենց շահի համար կոալիցիա են կազմել, ապա հարցեր` ինչո՞վ են համոզելու ընտրողներին ու ներողություն չեն խնդրելու արդյոք:
«Ես մեր ընտրողներից պետք է ներողություն խնդրեմ նրա համար, որ թույլ եմ տվել, որ սա գա իշխանության, որ չենք կարողացել այս չարիքի կառավարությանն այս 6 ամսվա ընթացքում հեռացնել: Ես ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ, ոչ հայրենիքիս մաս ենք կորցրել իմ պատճառով, ոչ 5 հազարից ավելի զոհ ենք տվել: Մեր կառավարման տարիներին, այո, եղել են բացթողումներ, սխալներ, եղել են երբեմն անարդարություններ, բայց այդ բոլոր սխալները վերականգնվող են, ուղղելի են»:
Նախորդ տարիներին, ըստ օգտատերերի, ՀՅԴ-ն էլ է ունեցել մասնակցություն նրան, որ երկրում կոռուպցիան շարունակվել է, «քաղաքական սպանություններ են եղել, բանակը թալանվել է, պատերազմը մի օրում չեղավ»: Այս ամենին արձագանքելով` Սաղաթելյանը շեշտում է. «Նախ քաղաքական սպանությունների մասին. այսօրվա իշխանության կառավարման 3 տարիների ընթացքում 2 նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան է եղել: Այս հարցերի պատասխանը պետք է ժամանակի ընթացքում տրվի:
Այսօրվա իշխանությունը արդեն 3 տարի է` իշխանության է: Նիկոլն ուներ հնարավորություն` այդ ամեն ինչը ապացուցելու, բացահայտելու և պատասխանատուներին պատժելու, այս իմաստով ևս ինքը զրո է, որևէ դատարանի վճիռ այդ մասով ևս չկա: Ունեցե՞լ ենք բացթողումներ, ունեցել ենք, կարո՞ղ էինք ավելի լավ և զարգացած, պաշտպանված, հզոր բանակ ունենալ, կարող էինք: Բայց կյանքը ցույց է տվել, որ այդ ամեն ինչով հանդերձ զրոյից անցնող 30 տարիների ընթացքում մենք կառուցել ենք բանակ, ունեցել ենք սպառազինություն, կարողացել ենք խուսափել պատերազմից, կամ եթե 16 թվականին ունեցել ենք պատերազմ, այս խայտառակ արդյունքը չենք ունեցել»:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ չեն առանձին գնում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչն արձագանքեց. «Մենք այս անգամ չենք գնում ընտրություններին մասնակցելու` մանդատներ վերցնելու, այս ընտրությունները դիտարկում ենք հնարավորություն և միջոց` այս չարիքի կառավարությանը հեռացնելու իմաստով, հետևաբար, այո, մենք գտնում ենք` որքան ուժերը մեկտեղվեն, որքան խոշոր բլոկ լինի, այնքան մեր նպատակին ավելի հեշտ կհասնենք»: Ըստ նրա` դրանից հետո պետք է ձևավորել նոր որակի իշխանություն, որը ի վիճակի կլինի հաղթահարել երկրի առջև կանգնած մարտահրավերները, երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից, ինչպես ինքը նշեց, դրա համար կարևոր է, որ Դաշնակցության նման ազգային, համահայկական ուժը առանցքային դերակատարություն ունենա առաջիկա իշխանության մեջ:
Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.