կարևոր
10993 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 13:36
Սփյուռք

Հայ ժողովրդի ողջ ուժերը համախմբելով կվերականգնենք մեր կորցրածը. Իշխան Սաղաթելյան

Հայ ժողովրդի ողջ ուժերը համախմբելով կվերականգնենք մեր կորցրածը. Իշխան Սաղաթելյան

Երկուշաբթի՝ ապրիլ 10-ին ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի ունեցավ ժողովրդական հավաք-հանդիպում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Իշխան Սաղաթելյանի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր Բրբենքի «Բէշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կենտրոնի մարզադաշտում ՀՅԴ Բրբենքի «Աղբալյան» կոմիտեի հյուրընկալությամբ:

Ավելի քան 700 մասնակիցների ներկայությամբ հանդիպումը սկսվեց Հայաստանի և Արցախի oրհներգներով: Միջոցառումը սկսվեց ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտեի անդամ Լևոն Պարոնյանի բացման խոսքով, ով օրվա հյուրին բարի գալուստ մաղթելով, ներկաներին վերհիշեցրեց Իշխան Սաղաթելյանի նախորդ այցելությունը, երբ վերջինս զգուշացրել էր բոլորին Հայաստանի դիմագրավելիք դժվարությունների մասին, որոնք այսօր դժբախտաբար իրականություն են դարձել:

Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչը իր բարի գալստյան խոսքի ընթացքում նշեց. «Կարծես չբավարարվելով Հայաստանի անկախությունից ի վեր՝ նաեւ վերջին տարիներին սաստկացած արտագաղթելու երեւույթով, 2018-ին սկսած թավշյա հեղափոխությունից հետո բոլորիս տառապանքին ավելացավ ազգային արժեքների քանդումը, Հայաստանյայց սուրբ եկեղեցու վարկազրկումը, հայկական բանակի փորձառու կադրերի անհասկնալի հեռացումը, զինուժի կորովի և մարտունակության իջեցումը, դպրոցական ազգային դաստիարակության կոտորակումը, Հայաստանի դրացի և դարավոր բարեկամ երկիրների հետ հարաբերությունների նոսրացումը, հայկական մշակույթի մեջ փողոցային վարքի ու լեզվի սրսկումը: Կարծես, այս բոլորի կուտակումով, ազգային անվտանգության բացթողումները են նախապայմանները արտադրելու Արցախյան 44-օրյս պատերազմի բեմականացված պարտությունը»։ Տեր Խաչատուրյանը ապա գովաց ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն Մարմնին, իբրեւ կազմակերպության մեկ կարեւոր օղակ, որ աշխատանքով է  իջել հրապարակ, հանձինս իր ներկայացուցիչին և ՀՅԴ հայաստանյան կառույցին:

Լևոն Պարոնյանը ապա ներկայացրեց Իշխան Սաղաթելյանի համառոտ կենսագրականը և խոսափողը փոխանցեց Իշխան Սաղաթելյանին: Ներկաները ծափողջույններով դիմավորեցին օրվա բանախոսին, որ շուրջ մեկ ժամ ամբողջական պատկերով ներկայացրեց Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակը և բացատրեց, թե ինչ այլընտրանքային լուծումներ կան, որ իշխող քաղաքականության արմատական փոփոխության դեպքում կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից: Նշենք, որ ներկաները բազմիցս բանախոսին երկրորդեցին իրենց ծափահարություններով: Իշխան Սաղաթելյանը նշեց այն կարևորության մասին, որն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և ավելացրեց, որ այդ եռամիասնությանը թիրախ են դարձրել թե Թուրքիան և թե Հայաստանի իշխանությունները: Իր այս խոսքերում նաև անդրադարձավ այն բաժանարար քաղաքականությանը, որ ՀՀ իշխանություններն իրենց համապատասխան կառույցներով իրականացնում են սփյուռքում:

Իշխան Սաղաթելյանի խոսքերից հետո առիթ տրվեց ներկաներին, որ մոտենան բեմի երկու կողմում դրված բարձրախոսներին և իրենց հարցերն ուղղեն օրվայ բանախոսին: Շուրջ 20 մասնակիցներ, օգտվելով առիթից, իրենց հարցումներն ու մտահոգությունները ներկայացրեցին, և Իշխան Սաղաթելյանը սպառիչ պատասխաններ տվեց բոլորին: Հանդիպումը տևեց մինչև ուշ գիշեր, որի պաշտոնական բաժնի փակումից հետո դարձյալ ներկաներից շատերը շարունակեցին մնալ սրահում և դեմ առ դեմ ողջունել Սաղաթելյանին կամ նկարվել նրա հետ:Սույն միջոցառմամբ ավարտին հասավ Իշխան Սաղաթելյանի այցը Արևմտյան Ամերիկայում: Իշխան Սաղաթելյանը այցելելու է նաև ԱՄՆ Արեւելյան շրջան։ Նա քաղաքական հանդիպումներից բացի զեկուցելու է Հայաստանի, Արցախի եւ Հ․Յ․Դ․ Հայաստանի մարտահրավերների և այսօրվա քաղաքական իրավիճակի ու հեռանկարների մասին:

Միջոցառման ամբողջական տեսանյութը՝ այստեղ