կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 13:59
Քաղաքական

Յայտարարութիւն ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէի

Յայտարարութիւն ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէի

Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի նախօրէին ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինեանը եւ իշխանական շրջանակները հանդէս են գալիս հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման, Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամական պետութիւնների հետ «ոչ թշնամական» յարաբերութիւնների ձեւաւորման յայտարարութիւններով, եւ «խաղաղասիրութեան» ուղղակի կամ սքողւած ազգադաւ քարոզով, որոնք հեռաւոր աղերս անգամ չունեն հայ ժողովրդի ազգային շահերի, իղձերի, նկարագրի եւ արժեհամակարգի հետ:

Ակնյայտ է, որ ՀՀ գործող իշխանութիւնները ոչ միայն չեն գիտակցել եւ չեն վերաիմաստաւորել իրենց անցեալի սխալները եւ անհրաժեշտ հետեւութիւններ չեն արել դրանցից, այլեւ գնում են նոր՝ աւելի վտանգաւոր սխալների եւ արկածախնդրութիւնների ճանապարհով, ինչը կարող է խիստ բացասական ազդեցութիւն ունենալ հայկական հարցի, Հայ Դատի եւ պահանջատիրական մեր պայքարի վրայ, որի հիմքում ընկած է մեր հայրենազրկումը, եւ որին այս պատերազմից յետոյ աւելացել է եւս մէկ հայրենազրկում՝ Արցախի տարածքի աւելի քան 75 տոկոսի եւ ազատագրւած շրջանների կորստի տեսքով։

Կասկածից վեր է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան չփարատւող մտահոգութեան, ապագայի յստակ տեսլականի բացակայութեան, հայկական իրականութիւնում տիրող հիասթափութեան, յուսահատութեան եւ անորոշութեան մթնոլորտի ֆոնին, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հաշտեցման փաշինեանական ձեւաչափը կարող է իրականութիւն դառնալ միայն մեր ազգի պատմական յիշողութեան, պահանջատիրական պայքարի եւ ազգային արժանապատւութեան ոտնահարման հաշւին՝ նոր մարտահրաւէրների առջեւ կանգնեցնելով հայոց պետականութեանը, եւ վտանգելով նրա գոյութիւնն ընդհանրապէս:

Եւ քանի դեռ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխել իրենց ընդգծւած հակահայկական քաղաքական ուղեգիծը եւ չեն հրաժարւել հայկական պետականութիւնը վերջնականապէս վերացնելու իրենց հրէշաւոր ծրագրից, յարաբերութիւնների կարգաւորման, սահմանների բացման եւ հաշտութեան մասին խօսելը ոչ այլ ինչ է, քան դաւաճանական գործողութիւն՝ սեփական Հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ:

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէն խստօրէն դատապարտում եւ մերժում է ՀՀ գործող իշխանութիւնների ազգադաւ վարքագիծն ու «Խաղաղասիրական» կեղծ օրակարգը:

Հարկ ենք համարում մէկ անգամ եւս վերահաստատել, որ մեր պահանջատիրական պայքարն աննահանջ է, իսկ մեր իրաւունքները՝ անշրջանցելի եւ անժամանցելի:

Վստահ ենք, որ ի հեճուկս այս իշխանութիւնների նւաստացուցիչ վարքագծի եւ թուրքահաճոյ յայտարարութիւնների, հայ ժողովուրդը կը շարունակի իր պայքարը՝ յանուն մեր ազգային մեծ տեսլականի՝ Միացեալ Հայաստանի կեանքի կոչմանը:

 

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէ

Թեհրան, 07 ապրիլի 2021 թ.