Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախեան 44-օրեայ դաւադիր պատերազմից յետոյ, հակառակ նոյեմբերի 9-եան եռակողմ համաձայնագրին, ինչպէսեւ սպասւում էր, ագրեսոր Ադրբեջանը ոչ միայն չդադարեց իրարայաջորդ սադրանքների դիմելուց, այլեւ յղփացած իր մեծ եղբօր քարոզչա-քաղաքական ու դիւանագիտական նենգ ու հակահայ աջակցութիւններից, Արցախի ու Հայաստանի դէմ ճնշամիջոցները սաստկացրեց: Ցաւօք եւ դարձեալ սպասելիօրէն Հայաստանի կապիտուլանտ իշխանութիւնը թուրք-ադրբեջանական հակահայ եւ հակահայաստան սադրանքներն բնութագրեց որպէս տարածաշրջանի խաղաղութեանը միտող դրական պատգամ:
Ի խնդիր իր իսկ իշխանութեան պահպանման, փաստօրէն պարտւած կապիտուլանտն պատրաստւում է նորանոր զիջումների՝ զուգահեռաբար հասարակաց ու հանրային միտքը շեղելով ազգային-պետական վերահաս նոր վտանգներից, կրկին ու կրկին կեղծ խաղաղութեան թէզեր շրջանառութեան մէջ դնելով: Սրա ապացոյցն է հէնց օրերս իր իսկ կառավարութեան նիստի ընթացքում Փաշինեանի «խաղաղասիրական» կոչերն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ գալիք օրերում Բրիւսէլում Ալիեւի հետ քննարկումներին նախապատրաստւելը:
Թէ՛ այս, եւ թէ՛ առհասարակ Արցախի ու Հայաստանի անվտանգութեանը սպառնացող ռէալ երեւոյթներից մղւած՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւնները հանդէս եկան խորհրդարանական լսումների օրակարգի առաջարկով, բայց նոյն խորհրդարանի իշխանական մեծամասնականները մերժեցին առաջարկը: Տւեալ դէպքում ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը որդեգրել են արտախորհրդարանական պայքար, որը դրսեւորւելու է հանրահաւաքի տեսքով՝ սոյն թւականի ապրիլի 5-ին, որով էլ ահազանգելու են Արցախի ու Հայաստանի լինելութեանը սպառնացող իրական վտանգների մասին:
Սիրելի հայրենակիցներ, կանգնած ենք ոչ թէ լոկ «իշխանութիւն-ընդդիմութիւն» ներքաղաքական-միջխմբակցային ինչ-որ հակադրութիւնների ու մրցակցութիւնների, այլեւ ու մանաւանդ մեր բոլորի՝ ողջ հայաշխարհի Սրբազան երկրի կորստեան իրողութեան առջեւ:
Այդ իսկ բերումով մենք եւս մեր հերթին մեր մտահոգութեան եւ միեւնոյն ժամանակ զօրակցութեան ձայնն ենք միացնում Հայաստան ու Արցախ աշխարհի ապագայով մտահոգ հայրենական ժողովրդի ձայնին՝ ի խնդիր բովանդակ հայութեան ինչպէս ազգային, այնպէս էլ համազգային ու պետական շահերի պահպանման սուրբ նպատակի:
3 ապրիլի 2022
Թեհրան