կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 11:45
Աշխարհ

Կրեմլը Պոզների հետ կապված միջադեպից հետո ռուսաստանցիների համար վտանգավոր է համարել ուղևորությունները Վրաստան

Կրեմլը Պոզների հետ կապված միջադեպից հետո ռուսաստանցիների համար վտանգավոր է համարել ուղևորությունները Վրաստան

Ռուսները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան մեկնելը իրենց համար անվտանգ չէ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո:

Չորեքշաբթի երեկոյան տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել էր Պոզները: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Մարդկանց դժգոհության պատճառը ռուս լրագրողի ավելի վաղ հայտարարություններն էին Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկանելության մասին: Պոզներն ասել էր, որ եկել է Վրաստան՝ իր ծննդյան օրը նշելու, այլ ոչ թե քաղաքականությունից խոսելու:

«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով միջադեպը:- Ուղղակի վտանգավոր է այնտեղ գնալը: Ռուսները դա պետք է հստակ հասկանան»:

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է ծայրահեղ ազգայնականների ագրեսիվ գործողությունները Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացիների դեմ: «Մենք տեսանք Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, որը նույնպես դատապարտեց այդ գործողությունները, և մենք ողջունում ենք դա»,– եզրափակել է խոսնակը։