կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-01 12:07
Քաղաքական

Քառյակը հրատապ լուծումներ է պահանջում, հակառակ դեպքում` կրկին արտահերթ նիստ կհրավիրի

Քառյակը հրատապ լուծումներ է պահանջում, հակառակ դեպքում` կրկին արտահերթ նիստ կհրավիրի

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում քառյակը նիստ է հրավիրել: Նիստի քննարկման հիմնական թեման «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված իրավիճակն է, ըստ այդմ` քառյակը պետք է որոշի իր անելիքները:

 

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ նաեւ ՕԵԿ-ը, արտահերթ նիստ էին հրավիրել՝ օրենքն ընտրանքային կարգով կիրառելու օրակարգով, սակայն ՀՀԿ պատգամավորները նիստին չներկայացան, և արտահերթ նիստը տապալվեց:

 

Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում է Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը: Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ որոշում է կայացվել, որ երբ սկսվի ԱԺ լիագումար նիստը, քառյակը կդիմի  ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությանը, որպեսզի անհապաղ ԱԺ նախագահի մոտ հրավիրվի հրատապ խորհրդակցություն, քննարկում` կապված վերջին զարգացումների և լուծումներ գտնելու հետ։

 

«Եթե մենք հրատապ լուծում չգտնենք և որոշակի համաձայնության չգանք` սկսած օրենքի ժամանակավոր կասեցումից, մինչև նոր օրենքի քննարկում, ապա մենք նորից կօգտագործենք մեր զինանոցի մյուս գործիքներից մեկը և նորից ստորագրահավաք կիրականացնենք և նորից հրատապ արտահերթ կհրավիրենք»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

Նրա խոսքով` քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և քառյակը հույսերով չի խոսում, այլ հստակ քայլեր է առաջարկում:

 

«Եթե մեր քայլերն ընկալվում են, համարժեք արձագանք է լինում, կառուցողական երկխոսություն է ակնկալվում, ուրեմն մենք պետք է առաջ գնանք։ Այսինքն` մենք խնդիրը չենք քաղաքականացնում և որևէ քաղաքական կամ կուսակցական դիվիդենդ շահելու խնդիր չունենք։ Պարզապես մեր տասնյակհազարավոր քաղաքացիների խնդիրն ենք լուծում: Հենց հիմա մեզ զանգահարեցին, որ Գյումրիում նորից մեծ հանրահավաք է, խանութները փակվել են»,- ասաց պատգամավորը: