կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-05 14:02
Քաղաքական

ՀՀ-ից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը խաղաղության հորդոր է կարդում․ Շահան Գանտահարյան

ՀՀ-ից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը խաղաղության հորդոր է կարդում․ Շահան Գանտահարյան

Հրամայական է, որ պաշտոնական Երևանը արձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե Հայաստանն իրեն նորմալ պահի՝ կարող է օգտվել տարածաշրջանի տրանսպորտային հանգույցներից՝ Yerkir.am֊ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով հայտարարությունը։

Նա նշեց, որ Ալիևի հայտարարությունը բազմաթիվ դիրքորոշումներից է բաղկացած, որոնց պետք է արձագանքել։

««Բաքուն, Անկարան ու Թեհրանը մտադիր են տարածաշրջանում զարգացնել տրանսպորտային նախագծերը, Երևանը նույնպես կարող օգտվել դրանից, եթե իրեն նորմալ պահի»՝ հայտարարելով Ալիեւը նախ ընդհանուր 3+3 ձեւաչափից առանձնացնում է նոր տիպի 3։ Սա, կարծում եմ, կապված է Անկարայի արտաքին քաղաքականության նորացված վեկտորի հետ՝ Թեհրանի նկատմամբ։ Չմոռանանք, որ Էրդողանը կոչ էր արել ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները վերացնել»,-ասաց Շահան Գանտահարյանը։

Նա նկատեց, որ Ալիևը նաև ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թողնելով անցյալում:

«Սա, պարզապես, անցյալում թողնել է նաև միջազգային ընտանիքի լիազորած միջնորդական ձեւաչափը, կամ՝ տապալել ՄԽ-ի համանախագահական առաքելությունը։ Ինչը, իր հերթին, այս դեպքում ուղերձ է Մոսկվային Անկարայի հետ խաղաղությունը երաշխավորելու՝ միաժամանակ դուրս մղելով Վաշինգտոնին եւ Փարիզին։ Չի բացառվում, որ, ինչ որ պահի, Վաշինտոնն ու Փարիզը կհակազդեն Բաքվի այս դիրքորոշմանը։ Գուցե՝ ոչ ուղղակի»,-ասաց Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ, Ալիևի հայտարարության ամենասուր բաժինը հետևյալն է․ «Ես ուզում եմ նշել, որ նոր «միջանցքը», որն անցնելու է Ադրբեջանի «պատմական տարածքով»՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի «միջանցքը»»։

Գանտահարյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը սա ասել է՝ հղում անելով նոյեմբերյան հայտարարությանը։

«Այնտեղ, իհարկե, որևէ կերպ չէր կոնկրետացել միջանցքային տարածքը։ Հիմա արդեն միջանցքի վայրի կոնկրետ նշում անելով՝ Ալիեւը բնութագրում է նաեւ «Զանգեզուրի պատմական պատկանելությունը»։ Այս հայտարարությունը այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քան Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջ, ինչն արդեն շատ հեռու է գնում նոյեմբերյան հայտարարության բովանդակությունից»,-արձանագրեց Շահան Գանտահարյանը։

Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ միջազգային ընտանիքին դուրս մղելով, միջանցքի վայրը ճշտելով և Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը ապաշրջափակման եւ խաղաղության հորդորներ է կարդում նախապայմանային մոտեցումով՝ «եթէ Երեւանը իրեն նորմալ պահի»։

«Պաշտոնական Երեւանը պետք է արձագանքի։ Տարածքային պահանջի պաշտոնականացումը, գուցե, աննկատ չանցնի նաև գործընթացից դուրս մղվող աշխարհաքաղաքական այլ կենտրոնների կողմից, իհարկե, երբ հարմար պահը հասունանա նման խաղաթղթեր օգտագործելու համար»,-նկատեց Շահան Գանտահարյանը։