կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 10:52
Սփյուռք

Էրդողանի լարախաղն Արևմուտքի և Արևելքի միջև կարող է շուտով տապալվել

Էրդողանի լարախաղն Արևմուտքի և Արևելքի միջև կարող է շուտով տապալվել

Անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Ջո Բայդենի ընտրությունից ի վեր հարյուրավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք վերլուծում են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև խնդրահարույց հարաբերությունները: Նախագահ Բայդենը չի թաքցնում իր անբարյացակամ, եթե ոչ՝ բացահայտ թշնամական վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

Միացյալ Նահանգների և Թուրքիայի հիմնական տարաձայնությունները հետևյալն են.

1)    ԱՄՆ աջակցությունը իր քուրդ դաշնակիցներին Սիրիայում, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ.

2)    Թուրքիայի կողմից S-400 ռուսական հրթիռների գնումը, որոնք կարող են բացահայտել ՆԱՏՕ-ի ռազմական տեխնոլոգիաները Մոսկվայի առջև: Արդյունքում, ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց առաջադեմ F-35 ինքնաթիռների վաճառքը և պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ․

3)    ԱՄՆ-ի հրաժարումը արտահանձնել թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիան կեղծ մեղադրանք է առաջադրել 2016-ին Էրդողանի դեմ պետական հեղաշրջում հրահրելու մեջ.

4)    Թուրքիայի խայտառակ վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում՝ շինծու մեղադրանքներով հազարավոր անմեղ քաղաքացիական անձանց, լրագրողների և դատավորների բանտարկություններով, որոնք նախագահ Բայդենը անընդունելի է համարում:

Էրդողանը հետևում է Օսմանյան կայսրության ռազմավարությանը՝ միմյանց դեմ լարելու եվրոպական մրցակից տերություններին՝ կողմերից մեկից մյուսին անցնելով և փոխելով գործընկերներին։ Օրինակ՝ նա իրեն հռչակել է բոլոր մահմեդականների և հատկապես  պաղեստինցիների պաշտպանը՝ մինչև վերջերս ռազմական համագործակցության մեջ լինելով Իսրայելի հետ: Մեկ այլ օրինակ է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքին՝ միաժամանակ միլիարդավոր դոլարների ժամանակակից ռուսական հրթիռների ձեռքբերումը, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զենքերի հետ: Միևնույն ժամանակ, Էրդողանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մինչ Սիրիայում և Լիբիայում ներգրավված է ռազմական բախման մեջ Ռուսաստանի հետ: Թուրքիան և Ռուսաստանը, որպես կանոն, հակառակորդ երկու երկրներ, նույնպես կարողացան համաձայնություն եզր գտնել Արցախյան հակամարտության մեջ։

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացումը սկսվել է Օբամայի նախագահության ժամանակաշրջանում, երբ Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Էրդողանը զայրացած էր Օբամայի վրա սկզբնական ընկերությունից հետո: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո Թուրքիայի ղեկավարն  առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացրեց Միացյալ Նահանգների հետ: Դեռևս անհասկանալի է, թե ինչն էր այդքան ջերմ անձնական համակրանք հարուցել այդ երկուսի միջև: Արդյոք դա Թրամփի ֆինանսական շահե՞րն էին Թուրքիայում, թե՞ արտառոց սերն ամբողջ աշխարհի բռնակալների հանդեպ: Թերևս երբեք չենք իմանա։

Այնուամենայնիվ, Բայդենն առաջին կրակոցն արձակեց՝  2019 թ․ դեկտեմբերին «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում, որտեղ նա Էրդողանին անվանեց «բռնապետ» և հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմության առաջնորդներին, «որպեսզի նրանք կարողանան հաղթել ու տապալել Էրդողանին ոչ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով»:

Հաջորդ անհարմար իրավիճակը ստեղծվեց, երբ Էրդողանը նոյեմբերի ընտրություններից մի քանի օր անց շնորհավորեց Բայդենին, իսկ Բայդենը չորս ամիս անց դեռ չի կապվել Էրդողանի հետ, չնայած նա զանգահարել է աշխարհի շատ այլ ղեկավարների: Էրդողանը պետք է որ խորապես վիրավորված լինի այս դիվանագիտական արհամարհանքից:

Թուրքիայի նկատմամբ Բայդենի վարչակազմի կոշտ քաղաքականության առաջին նշանն ակնհայտ դարձավ 2021 թ․ հունվարի 19-ին ԱՄՆ-ի առաջադրված պետքարտուղար  Էնթոնի Բլինկենի կողմից Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատման լսումների ժամանակ, երբ նա բացահայտորեն Թուրքիային անվանեց «այսպես կոչված ռազմավարական գործընկեր» և բարձրացրեց ավելի մեծ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այդ երկրի նկատմամբ։ «Այն գաղափարը, որ մեր ռազմավարական, այսպես կոչված ռազմավարական գործընկերը, համահունչ է  մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկի հետ Ռուսաստանում, անընդունելի է», ասաց Բլինկենը։ «Կարծում եմ, որ պետք է տեսնենք, թե ինչ ազդեցություն են թողել առկա պատժամիջոցները, և հետո պարզել, թե արդյոք անհրաժեշտ է ավելին անել»:

Թուրքիայի վերաբերյալ Բլինկենի քննադատական մեկնաբանությունը հետագայում վերահաստատեց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը Թուրքիային բնութագրեց որպես «դաշնակից, որը շատ առումներով... չի գործում որպես  դաշնակից, և դա շատ, շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, և մենք ոչ մի պատրանք չունենք այդ առումով»։ Սալիվանը Թուրքիային տեղադրեց Չինաստանի հետ միևնույն դասակարգում:

2021 թ. փետրվարի 5-ին Պենտագոնը հաստատեց, որ Բայդենի վարչակազմը մտադիր չէ վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները ռուսական հրթիռները գնելու համար: Թուրքիայի «S-400 գնելու որոշումը անհամատեղելի է Թուրքիայի որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակցի պարտավորությունների հետ», ասաց Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել․․․․ Մենք հորդորում ենք Թուրքիային չպահել S-400 համակարգը․․․․ Վերջին տասնամյակում Թուրքիան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Միացյալ Նահանգներից «Փեթրիոթ» պաշտպանական համակարգը գնելու համար, փոխարենը նախընտրեց գնել S-400-ը, որը Ռուսաստանին տալիս է եկամուտ, հասանելիություն և ազդեցություն», ասաց Քիրբին:

Իրավիճակն ավելի սրելով, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փետրվարի սկզբին կրկնեց այն անհիմն մեղադրանքը, որ 2016-ին ձախողված թուրքական հեղաշրջման հեղինակը Միացյալ Նահանգներն էր: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հանդես եկավ խիստ հանդիմանությամբ՝ թուրք նախարարի պնդումները համարելով «ամբողջովին սուտ»։ Դրանք «անհամատեղելի են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի հետ», ավելացրեց Փրայսը:

Մեկ այլ վիճելի հարց է 2016-ի հեղաշրջմանը օժանդակելու կեղծ մեղադրանքներով Լիհայ համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Հենրի Բարքիի հեռակա թուրքական դատավարությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտն անհիմն է համարել պրոֆեսոր Բարքիին առաջադրված մեղադրանքները:

2021 թ. փետրվարի 10-ին ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ արեց Թուրքիային անհապաղ ազատ արձակել բանտից թուրք բարերար և իրավապաշտպան Օսման Կավալային, որն ավելի քան երեք տարի անազատության մեջ է գտնվում առանց դատապարտման: Կավալային կեղծ մեղադրանք է առաջադրվել 2016-ի ձախողված հեղաշրջման ժամանակ պրոֆեսոր Բարքիի հետ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ:   Պետդեպարտամենտը հորդորեց Թուրքիային կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թ․ վերջին կայացրած վճիռը՝ Կավալային ազատ արձակելու մասին:

2021 թ. փետրվարի 15-ին, երբ Բլինկենը վերջապես զանգահարեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, նա Թուրքիային հորդորեց չպահել ռուսական S-400 ցամաք-օդ հրթիռային համակարգը:

Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ ռուսական հրթիռներ գնելու համար, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը լկտիաբար նախազգուշացրեց. «Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս որոշման դեմ, ինչը բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա և պատասխան քայլերի կդիմի այն եղանակով և ժամանակ, որը նպատակահարմար կհամարի»:

Թուրքիան դեռ փորձում է միջոցներ գտնել ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Այն 2021 թ․ փետրվարի 1-ին վարձեց Arnold & Porter խոշոր ամերիկյան լոբբիստական ընկերությունը Վաշինգտոնում ՝ լուծելու համար ռուսական հրթիռների շուրջ ԱՄՆ կառավարության հետ վեճը: Պայմանագիրը կնքվել է Անկարայի պաշտպանական արդյունաբերության հիմնական մարմնին՝ Պաշտպանական արդյունաբերության նախագահությանը պատկանող Անկարայում գտնվող SSTEK Defense Industry Technologies-ի հետ: SSTEK-ը համաձայնել է վեց ամսվա ընթացքում Arnold & Porter-ին վճարել 750 հազար դոլար՝ Թուրքիային տրամադրելու «ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն»:

Շատ կասկածելի է, որ Թուրքիան իր վարձու լոբբիստի միջոցով կարողանա լուծել ռուսական հրթիռների հետ կապված վեճը: Հետաքրքիր է, որ SSTEK-ի հետ պայմանագրում նշված է, որ Arnold & Porter-ը «որևէ խոստում կամ երաշխիք չի տալիս» արդյունքի վերաբերյալ: «Եթե որևէ պատճառով գործը հաջողությամբ չավարտվի, SSTEK-ը պատասխանատու կմնա ընկերության կողմից սույն պայմանագրի պայմաններին համապատասխան գանձվող բոլոր վճարների և գանձումների համար»: Հատկանշական է, որ այն ժամանակ, երբ Թուրքիայի տնտեսությունը կործանման եզրին է, և թուրք ժողովուրդը ֆինանսական ծանր դրության մեջ է, Էրդողանը թուրք հարկատուների 750 հազար դոլար գումարը  ծախսում է անօգուտ լոբբինգի վրա:

Մնում է տեսնել, թե արդյոք Թուրքիային կհաջողվի իր լարախաղաց հմտություններով պահել ռուսական հրթիռները և խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից: Եթե Թուրքիային ստիպեն ազատվել հրթիռներից, նա ստիպված կլինի բախվել Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ խախտման հետևանքներին: Դրանից հետո Թուրքիան ստիպված կլինի ընտրել կա՛մ Արևելքը, կա՛մ Արևմուտքը: Նա այլևս չի կարողանա խաբել երկու կողմերին։ Բայդենը և Բլինկենը չափազանց փորձառու են Էրդողանի հնարքներին չտրվելու համար։

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վիճակը լավագույնս նկարագրում է լրագրող Նիկոլաս Մորգանի վերջերս հրապարակված հոդվածի վերնագիրը՝ «Արդյոք Թուրքիան Բայդենի դաշնակիցն է դժոխքի՞ց»: Շուտով կպարզվի։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի