կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 11:52
Քաղաքական

ԱԳՆ-ն պատասխանել է Yerkir.am-ին՝ շարժումը շփոթելով գործողության հետ

ԱԳՆ-ն պատասխանել է Yerkir.am-ին՝ շարժումը շփոթելով գործողության հետ

ՀՀ արտգործնախարարությունը ուղարկել է Yerkir.am-ի հարցման պատասխանը՝ արդո՞ք Արա Այվազյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարը Հայաստանը համարում է ագրեսիվ պետություն, որը ուժի կիրառմամբ փոխել է ստատուս-քվոն, որին անդրադարձել էինք «ՀՀ արտգործնախարարը Հայաստանը համարում է ագրեսոր երկիր, որը ուժի կիրառմամբ փոխե՞լ է ստատուս քվոն» հրապարակման մեջ։

Քանի որ խոստացել էինք պատասխանն ստանալուն պես ներկայացնել մեր ընթերցողներին, կցում ենք այն՝ ինչպես կա։

Ցավոք, այդ պատասխանի մեջ որևէ տեղ հնարավոր չէ գտնել մեր հարցի մասին որևէ տող կամ մեկնաբանություն։

Մենք մեջբերել էինք Արա Այվազյանի հետևյալ արտահայտությունը՝ «շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով», և հարցրել՝ արդյո՞ք Արա Այվազյանը նկատի ունի, որ հայկական իշխանությունները ևս ընդունում են, որ Հայաստանը ագրեսիվ պետություն է և ստատուս-քվոն փոխել է ուժի կիրառման միջոցով։

Պատասխանի փոխարեն մեզ է ուղարկվել ԱԳՆ-ի էջերից մեկի հղումը՝ կից գրառմամբ․ «Ի պատասխան Ձեր ս.թ. փետրվարի 11-ի հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ նշված թեմայի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածել է մամուլի խոսնակի մեկնաբանություն, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝   https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/02/11/mfa_spox_comment/10789»։

Այս հղումով, սակայն, բոլորովին այլ հարցի պատասխան է՝ Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։ Արտգործնախարարությունն ասում է, որ այդ երկրի հանդեպ ՀՀ մոտեցումները չեն փոխվել։

Ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է հասկանալ՝ ի՞նչ կապ ունի Թուրքիայի հանդեպ ՀՀ մոտեցումները արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարության հետ, որով Հայաստանը որակում է Արցախյան հակամարտության կողմ, ագրեսիվ պետություն, որը ուժի կիրառմամբ փոխել է ստատուս-քվոն և հավելում, որ հիմա այդ խնդիրը արդեն չկա։

Բացի այս հարցից մենք ՀՀ արտգործանախարարությանը ևս երկու հարց էինք ուղղել․

  • Երբ ՀՀ արտգործնախարարն ասում է՝ «այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ», արդյո՞ք նա նկատի ունի, որ բավարարվել են Թուրքիայի առաջ քաշած երեք նախապայմանները՝ Արցախի հարցից հրաժարում, Հայաստան-Թուրքիա սահմանների ճանաչում և Ցեղասպանության հարցի բարձրաձայնումից հրաժարում։
  • ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրել եք արտգործնախարարի խոսքի խեղաթյուրված տեքստային տարբերակը․ բանավոր խոսքում նա հենց այսպես էլ հնչեցրեց՝ «սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով», այնինչ դուք գրել եք «շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»․ արդյո՞ք դուք ևս ընդունում եք, որ արտգործնախարարի բարձր պաշտոնը զբաղեցնող անձը կարող է չվերահսկել իր խոսքը և անել Հայաստանի շահերը վնասող հայտարարություններ, որոնք հետագա սրբագրման կարիք ունեն։

Այս երկու հարցերի մասին ևս որևէ մեկնաբանություն չկա արտգործնախարարության ուղարկած հղումով։

Եզրակացությունը երկուսը կարող է լինել՝ կա՛մ Yerkir.am-ին պատասխանող անձը չի կարողացել ընկալել մեր հարցերի էությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, «շարժումը շփոթել է գործողության հետ»՝ մտածելով, որ պատասխան նամակի մեջ անգամ կարելի է գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ», և դա կհամարվի պատասխան։

Հատկանշական է, որ պատասխանն ուղարկվել է ոչ թե ԱԳՆ բլանկի, այլ ճերմակ թղթի վրա՝ առանց ստորագրության, կնիքի և ամսաթվի։ Ավելին, որևէ մեկը նեղություն չի կրել շարադրելու հարցման պատասխանը, այլ ընդամենը կցել է անորոշ մի հղում։

Սա, ցավոք, Փաշինյանի կառավարության մասնագետների ոչ կոմպետենտության և անպատասխանատու վերաբերմունքի ևս մեկ ապացույց է։

Աննա Բալյան