կարևոր
1504 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 20:47
Հասարակություն

«Էդ պահին պետք էր Հ1 գնալը»․ ինչո՞ւ է խուսափում սուր հարցերից Տեր Արամը և ինչ է պատասխանել Yerkir.am-ին

«Էդ պահին պետք էր Հ1 գնալը»․ ինչո՞ւ է խուսափում սուր հարցերից Տեր Արամը և ինչ է պատասխանել Yerkir.am-ին

Ենթադրելի է, որ Հանրայինում Պետրոս Ղազարյանի հաջորդ հյուրը լինելու է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը, քանի որ գրառում էր արել ու հայտնել, որ սատարում է Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին։

Եվ քանի որ հանրության մի մեծ հատված իր հերթին բազմաթիվ հարցեր ունի անձամբ Տեր Արամին՝ լսելու նրա պարզաբանումներն իր իսկ  վարքագծի վերաբերյալ,  Yerkir.am-ը  կապ հաստատեց նրա հետ՝ փորձելով նրան փոխանցել հանրության հարցադրումները։ Հենց սկզբից զրուցակցիս տեղեկացրեցի, որ հարցերը սուր են, և նկատի առնելով, որ Տեր Արամն իր գրառումներից մեկում նշել էր, որ որպես հոգևորական հավասարապես  ծառայում է բոլորին՝ անկախ նրանից մարդն ինչ հասարակական դիրք, պաշտոն և կենսակերպ ունի, վստահ էինք, որ չի խուսափի իր հավատացյալ հոտի՝ ժողովրդի հարցերը լսելուց։ Թե՝  ինչ հարթությունում ծավալվեց մեր հեռախոսազրույցը ներկայացնում ենք ստորև․

-Օրհնեցեք Տեր Հայր, ես Yerkir.am-ի լրագրողն եմ, մեր խմբագրություն են դիմել քաղաքացիներ, որոնք ցանակնում են մեր միջոցով մի քանի սուր հարցեր ուղղել Ձեզ։

- Ես հիմա ղեկին եմ, Երևանի փողոցներում վարում եմ․․․

- Լավ է, որ Երևանում եք, Ձեզ հրավիրում եմ մեր տաղավար՝ հարցազրույցի, շատ ժամանակ չեմ խլի Ձեզնից։

- Ես  ներողություն եմ խնդրում, ուղղակի այս փուլում հարցազրույց չեմ տալիս, նպատակահարմար չէ։

- Բա ո՞նց էիք գնացել Հ1՝ Պետրոսի մոտ հարցազրույցի։

-Դե որովհետև էդ պահին պետք էր ոնց որ գնալը։

- Մեզ շատ քաղաքացիներ են դիմում և հարցնում են՝ Տեր Արամն աստվածաբանական ի՞նչ հիմքերով է հրապարակայնորեն ընդդիմանում Եկեղեցու Հայրապետին։

-Ես Հայրապետին ընդհանրապես չեմ ընդդիմանում, Հայրապետին չեմ ընդդիմանում։

-Բա ինչի՞ն եք ընդդիմանում։

- Ընդդիմանում եմ, էսպես ասեմ, կեղծիքին, իսկ եթե, էսպես ասեմ, որևէ մեկը չի ընդդիմանում մեղքին կամ կեղծիքին, ուրեմն իմ ասածն իր մասին ա կամ իր դեմ ա, անուններ էլ չեմ ուզում տալ, այսինքն ես ընդհանուր եկեղեցու մեջ տեղ գտած հարցերին ու խնդիրներին եմ անդրադառնում, եկեղեցին հո մենակ Հայրապետով չի՞։

- Այսինքն՝ Ձեր անհամաձայնությունն անձերի հետ կապված չի՞։

-Ընդհանուր էս վիճակի հետ է կապված, ես անձերով չեմ ուզում պայմանավորվել էս ամեն ինչը։

-Վիճակից եք դժգոհում, էսօր Սրբազանի դատն է․․․

-Կներեք էլի չեմ կարող, ես հետո կզանգեմ։

-Անպայման կսպասեմ Ձեր զանգին, այլապես կհամարեմ, որ որպես հոգևորական տարբերություն եք դնում ժողովրդի միջև,արհամարհում եք Ձեզ քննադատող հավատացյալներին։

Մի քանի ժամ անց․․․


Իրեն ազնիվ և բյուրեղային մաքրությամբ հոգևորական հռչակած Տեր Արամ քահանա Ասատրյանի զանգին ժամերով սպասելուց հետո, կրկին որոշեցի ինքս զանգել։ Մտածելով, միգուցե ժամը 17։00-ի ժամերգության է, այդ պահին գուցե չպատասխանի, զանգահարեցի ժամը՝ 17։31 րոպե։

- Տեր Արամ,  տեսա չեք զանգում, ես առաջ ընկա։ Քիչ առաջ Միքայել Սրբազանի մասով դատախազը հայարարություն արեց, ինչպե՞ս եք վերաբերվում։

-Էդ հարցերով ինձ մի դիմեք։

-Ձեր հոգևոր եղբորն են դատում իշխանությունները։
 

-Ես չեմ պատասխանում էդ հարցին։

-Ինչո՞ւ։

-Իրավունք ունե՞մ հարցին չպատասխանելու։

-Փաստորեն մենակ իշխանական լրատվամիջոցին եք հարցազրույց տալիս։ Ամեն դեպքում, տեղեկացնեմ, որ սա նյութի տեսքով հրապարակելու եմ և նշեմ, որ հրաժարվեցիք հարցազրույց տալ։

Հերմինե Զեյնալյան