կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 17:51
Հասարակություն

Արթիկի թիվ 4 դպրոցի վերանորոգումն ավարտվել է․ ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյան

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են։ Կրթական օջախի բացումը կլինի շուտով․ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը՝ նշելով, որ դպրոցի վերանորոգմումն իրականացվել է «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ընկերների միջնորդությամբ եւ երաշխավորությամբ։

Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե Արթիկում արտախորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները, մասնավորապես՝ իրենց կոմիտեն, ի շահ արթիկցիների, ի՞նչ են անում, հետաքրքրվո՞ւմ են քաղաքի խնդիրներով, քաղաքացիների հոգսերով, որոնք միաբերան ասում էին, որ գործազրկություն է, քաղաքն անբարեկարգ վիճակում է, փողոցները՝ քանդված, կեղտոտ։

«Քաղաքացիների տեսակետը կիսում եմ։ Արթիկում գործազրկությունը շատ մեծ է։ Վերջին տարիներին քաղաքացիներն իրենց ապրուստը հայթայթում են արտագնա աշխատանքով։ Մեր գրասենյակը 2018 թվականից սկսել է աշխատել քաղաքացիների հետ։ Ընդունելության օրեր ենք նշանակել եւ ամենօրյա ռեժիմով շփվում ենք արթիկցիների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, փորձում մեր ուժերի չափով աջակցել։ Այն, որ Արթիկում աշխատատեղեր են ստեղծվել, եւ արդյունաբերական քաղաք է դառնալու, բլեֆ է։ Այսօր Արթիկը լուրջ ենթակառուցվածքների խնդիր ունի, եւ չեմ կարծում, որ իրեն հարգող որևէ լուրջ գործարար ներդրում կատարի առկա խնդիրների պարագայում»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Արթիկը ժամանակին եղել է խոշոր արդյունաբերական քաղաք, եւ սովետական տարիներին բնակիչներն աշխատանքի խնդիր չեն ունեցել։ Հետսովետական տարիներին սեփականաշնորհվեցին խոշոր գործարաններ, որոնք այսօր չեն ծառայում իրենց բուն նպատակին։ «Կեսը վերածվել է առեւտրի կենտրոնների, մյուս կեսն էլ անտերության է մատնված»,- հավելեց Մելքոնյանը։

Հարցին՝ վերհանված խնդիրները, քաղաքացիների բոլողոքները ներկայացվո՞ւմ են տեղական իշխանություններին, քաղաքապետին, պատասխանեց, որ ՏԻՄ մարմինների հետ համագործակցություն կամ հանդիպում չեն ունեցել։ «Անցած տարվա հուլիսին առաջարկեցինք քաղաքապետին՝ հանդիպել Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի հետ, սակայն մինչ օրս այդ հանդիպումը չի կայացել, չեմ կարող ասել, թե ինչ պատճառներով։ Իրենք պետք է շատ լավ ծանոթ լինեն քաղաքի խնդիրներին, դրանք շատ-շատ են։ Առանց պետական աջակցության՝ խնդիրներին լուծում տալ, կարծում եմ, չենք կարող»,- ասաց Մհեր Մելքոնյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան