կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 11:02
Տարածաշրջան

Սիրիան հերթական բողոքն է ուղարկել ՄԱԿ՝ ընդդեմ Իսրայելի

Սիրիան հերթական բողոքն է ուղարկել ՄԱԿ՝ ընդդեմ Իսրայելի

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է իսրայելական օդուժի հարձակումը Դամասկոսի մատույցների վրա, որի ընթացքում հրթիռային հարվածներ են իրականացվել ցամաքային թիրախների: Այս մասին, ըստ SANA գործակալության, ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը փետրվարի 15-ին ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

«Սիրիան նախազգուշացնում է Իսրայելին տարածաշրջանային կայունությանը սպառնացող շարունակական ագրեսիվ գործողությունների վտանգավոր հետևանքների մասին»,- ասվում է փաստաթղթում:

Դամասկոսը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ իսրայելական հարձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1974 թ. 350 բանաձևը և Գոլանի բարձունքներում սիրիական ու իսրայելական զորքերը չտեղակայելու մասին համաձայնագիրը:

«Իսրայելը չի կարողանա իր հարվածներով փրկել ահաբեկչական խմբավորումներին սիրիական զորքերի կողմից անխուսափելի պարտությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

Սիրիայի արտգործնախարարությունը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «գիտակցել Մերձավոր Արևելքում խաղաղություն պահպանելու՝ իր պատասխանատվությունը և վճռական միջոցներ ձեռնարկել, որոնք վերջ կդնեն Իսրայելի ագրեսիվ հարձակումներին»:

Հիշեցնենք, որ Իսրայելը արդեն երկու օր է, ինչ հարվածներ է հասցնում Դամասկոսի մատույցներին։