կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-27 14:34
Տարածաշրջան

Ռուսաստանը և Վրաստանը փետրվարին կարող են վերսկսել բանակցությունները սահմանի բացման վերաբերյալ

Ռուսաստանը և Վրաստանը փետրվարին կարող են վերսկսել բանակցությունները սահմանի բացման վերաբերյալ

Ռուսաստանը և Վրաստանը փետրվարին կարող են վերսկսել բանակցությունները սահմանի բացման վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև Կազբեգի-Վերին Լարս միակ գործող անցակետը փակվել էր 2020 թվականի մարտի 16-ին համաճարակաբանական պատճառներով: Այս որոշումը չի տարածվում երկու երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, ինչպես նաև՝ բեռնափոխադրումների: Երկու ուղղություններով տուրիստական ճանապարհորդությունները դեռ արգելված են:

«Հուսանք, որ բանակցությունները (սահմանի բացման վերաբերյալ) կվերսկսվեն փետրվարին: Հիմա դա պայմանավորված է միայն համաճարակաբանական իրավիճակով, իհարկե, երկու կողմից էլ պետք է որոշում կայացվի: Ցամաքային սահմանը փակվել է վիրուսի պատճառով, դրա բացումը նույնպես կապված կլինի դրա հետ»,- հայտնել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը «Իզվեստիա» թերթին տեղեկացրել է, որ հարցը կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբի իրավասության տակ է: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակումները վերացնելու հարցը «դեռ օրակարգում չէ»: Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ, համաճարակի հետ կապված, երկիր մուտքի հարցում Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել օտարերկրյա, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Ռուսաստանում նույնպես կիրառվում են սանիտարահամաճարակային սահմանափակումներ:

ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է, որ, բացի սանիտարահամաճարակային իրավիճակից, կա նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2019 թ. հունիսի 21-ի թիվ 287 հրամանագիրը, որը ներկայացվել է 2019 թվականի ամռանը՝ վրաց արմատականների սադրանքի հետ կապված:

Վրաստանի հետ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը հստակեցրել է, որ սահմանների բացման և օդային երթևեկության վերականգնման թեման «երբեք չի բացառվել օրակարգից»:

Աբաշիձեի և Կարասինի հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Պրահայում 2021 թվականի առաջին եռամսյակում, եթե թույլ տա սանիտարահամաճարակային իրավիճակը: