կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-04 12:45
Արցախ

Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների թելադրանքները դարձրել է իր համար որպես կառավարման միջոց. Դավիթ Իշխանյան

Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների թելադրանքները դարձրել է իր համար որպես կառավարման միջոց. Դավիթ Իշխանյան

Արցախի ներքաղաքական զարգացումների, նրա անվտանգության խնդիրների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

- Պարոն Իշխանյան, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան, որ երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն և «Արդարություն» կուսակցությունը, համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դադարեցնելու մասնակցությունը կառավարության ձևավորման հետագա գործընթացին:

- Մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, կարծես դրանով ամեն ինչ ասել ենք: Կարևոր շեշտադրումները, ինչ անհրաժեշտ էր, մենք հրապարակային ներկայացրինք: Ի վերջո պետք է հաշվի առնել, որ մեր կառավարման համակարգը գերկենտրոնացված նախագահական համակարգ է, բայց մենք գտնվում ենք հետպատերազմյան ժամանակաշրջանում, և ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու ելքերը պետք է լինեն ոչ ստանդարտ լուծումները, այդ թվում՝ նաև ներքին խորհդատվությունների արդյունքում համախոհական մթնոլորտի ստեղծումը: Դրանով հանդերձ շատ կարևոր է, որ այդ համախոհության մթնոլորտը ձևավորվի, իսկ այդ համախոհության մթնոլորտը բնակաբար հիմնականում պետք է ձևավորի նախագահը՝ անկախ իր այսօրվա պարտված ղեկավարի կարգավիճակից: Մենք պարտավոր ենք ելքը գտնել, իսկ այդ ելքը գտնելու համար բազմաթիվ քննարկումները կարող են նաև լուծումների տարբերակ տալ, նաև առաջարկներ լինել:

- Ի՞նչ քայլեր նկատեցիք նախագահի կողմից, որ որոշեցիք ընդհատել բանակցությունները:

- Մանրամասնելու անհրաժեշտություն չկա, այդ քննարկումների դաշտը եղել է ոչ այդքան հրապարակային, և տեղեկատվությունը պարբերաբար չի տրվել: Պետք է ասեմ՝ այդ քննարկումների դաշտի մեջ պետք է ներառվեին խորհդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը: Ես չեմ կարող ասել՝ նախագահը այդ բոլոր ուժերի հետ քննարկումները, խորհդատվությունները անց է կացրել, թե՝ ոչ, բայց այն, ինչ եղել է  մեզ՝ մասնավորապես հայտարարությունը ստորագրած երկու ուժերի հետ, բնականաբար մենք այդ ամենը արտացոլել ենք հայտարարությամբ: Ի դեպ, ասեմ՝ այդ քննարկումների դաշտում եղել են  և՛ ԱԺԿ, և՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունները, բայց երկու կուսակցություն արտահայտեցինք մեր դիրքորոշումը և հայտարարեցինք մեր տեսակետները:

- Մյուս երկու կուսակցությունները համաձա՞յն են նախագահի տեսակետների ու դիրքրոշումների հետ:

 - Համենայն դեպս հայտարարությանը իրենց ստորագրությունը չեն դրել:

- Ստացվում է տապալվա՞ծ է ազգային համաձայնության կառավարության ստեղծումը:  

- Սա կարող է տարբեր կերպ մեկնաբանվել. գուցե որոշների համար հաջողված է, որոշների համար՝ ոչ: Բայց այդուհանդերձ մենք մեր տեսակետը այդ հայտարարությամբ ներկայացրել ենք:

- Որո՞նք են լինելու ձեր քաղաքական ուժի հետագա քայլերը:

- Մենք պետք է համախոհության մթնոլորտում լուծման տարբերակներ գտնենք: Փորձելու ենք այդ համախոհության մթնոլորտի նախադրյալները ստեղծել և նաև մեր քննարկումների ընթացքում լուծման տարբերակներ առաջարկել: Կընդունեն քաղաքական ուժերը այդ թվում նաև երկրի նախագահը այդ տարբերակները, ուրեմն մենք մեր նախատեսած ճանապարհով առաջ կգնանք, չեն ընդունի, ուրեմն այլ տարբերակներ կփորձենք գտնել:

- Նախագահը չի՞ հեռանալու պաշտոնից, չի՞ լքելու քաղաքկանութունը, ինչպես հայտարարել էր:

- Հայտարարությամբ այդ մասին ասվել է, որ նախագահը պատրաստակամ էր հրաժարվելու: Նա իր ուղերձում նաև անդրադարձել էր իր հրաժարվելու, չհրաժարվելու հանգամանքներին, նաև իրավական կարգավորումներին, և կարծում եմ՝ այս խնդիրը բոլորս չպետք է դարձնենք քաղաքական շահարկումների նյութ, բայց մյուս կողմից չպետք է ստեղծված կացությունը օգտագործվի լիազորությունների «չարաշհման» համար: Ստեղծված իրավիճակը ենթադրում է ոչ ստանդարտ լուծումներ, այն ստանդարտ պահանջները և այն դասական մեխանիզմները, որ կարող են երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծումներ տալ, մեր վիճակն այդպիսին չէ:

- Խոսվում էր, որ ձեզ առաջարկ է արվել լինել ԱԺ նախագահ, որը Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում չհերքեց, ի՞նչ հետո տեղի ունեցավ, գուցե Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն կա չգնալու փոփոխությունների:

- Այն որ անցյալ տարիներին Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների թելադրանքները դարձրել է իր համար որպես պետական կառավարման միջոց, դրա մասին շատ խոսելու անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է  առաջարկներին, ինչ առաջարկներ են եղել, ինչ է քննարկվել, բնականաբար, տարաբնույթ քննարկումներ են եղել, և ինչ-ինչ առաջարկներ չպետք է դարձնենք ընդհանուր հիմքեր հետագա մեր քայլերի համար: Մենք առաջնորդվել ենք սկզբունքներով, առաջ ենք քաշել մի շարք սկզբուքներ և այդ սկզբունքների ընդունումը, ու դրանցով կառավարվելն է մեզ համար էական: Ով ինչ պաշտոն կարող էր զբաղեցնել, ով ինչ կարգավիճակում կարող էր լինել, սա երկրորդական է: Բայց սզբուքնների շուրջ պայմանավորվածություններ ունենալը և այդ սկզբունքներով չառաջնորդվելը մեզ լավ տեղ չեն տանի:

- Պարոն Իշխանյան, անդրադառնանք Արցախի անվտանգության խնդիրներին: Որքանո՞վ է Արցախի՝ մեզ մնացած մասը անվտանգ:

 - Բոլորը խոսում են անվտանգությունից, և բոլորը սպասում են անվտանգության երաշխքիների, սա այն թիվ մեկ հարցն է, որով նաև պայմանավորված է լինելու Արցախի Հանրապետության ապագան և մեր լինելությունն այստեղ: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակի խնդիրը և նաև մեր տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածքների խնդիրները ընդհանրապես փոխկապակցված են հենց այդ անվտանգության բաղադրիչների հետ: Բայց դեռ շատ վաղ է այդ մասին խոսել, ոչ ոք չի կարող այս պահին ամբողջական այդ երաշխիքները ապահովել, այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվ կեցվածք է ցուցաբերում ադրբեջանա-թուրքական տանդեմը: Այդ տանդեմը լուրջ վտանգ է դարձել ոչ միայն Արցախի լինելության, այլ նաև տարածաշրջանի համար: Անվտանգային համակարգի մասին, երբ խոսվում է բոլոր հարթակներում, բոլոր շրջանակներում, սա շատ կարևոր է: Պետք է այստեղ տարբերակել մեկ բան, շատ կուզենայի շեշտադրում անել՝ Հայաստանի վարչապետի կողմից անընդհատ թմբկահարվող անվտանգության բաղադրիչների և անվտանգության թեզի մասին, այդ հեքիաթները պարզապես այստեղ մեր հանրության համար ծիծաղելի են:

- Խոսակցություններ են շրջանառվում, թե այլևս Հայաստանից զինծառայողներ չեն գալու Արցախ, սրա վերաբերյալ որևէ տեղեկություն ունե՞ք:

- Հրապարակվեց Արցախի նախագահի կողմից կառավարության կառուցվածքը, որի մեջ հստակ ամրագրված է պաշտպանության նախարարության կառուցվածքը, և ՊՆ-ն ենթադրում է  ԶՈւ-երի պահպանում, ինչ կարգավիճակով և ինչ կոնտինգենտ է իր մեջ ներառելու, սա մոտ ժամանակներս վերջնական պարզ լինի: Չպետք է հայ զինվորի ներակայույթունը Արցախի Հանրապետությունում և նրա սահամանները պաշտպանելու առումով այլ դիտանկյունով ներկայացնել, այս ամենը չպետք է  քաղաքական հատկապես ներքաղաքական շահարկումների տեղիք տան, այնուհանդերձ յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է պարտավորություն ու պարտականություն ունենա հայրենիքի սահամանները պաշտպանելու առումով, այստեղ արդեն կարևոր չէ՝ այդ սահմանները Տավուշում են, Արցախում են, թե Մուշում են:

- Վերջերս Վիտալի Բալասանյանը խոսեց Հադրութի և Ասկերանի շրջանների հնարավոր վերադարձի մասին, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ հիմքեր կան դրա համար:

- Որևէ տեղեկություն չեմ կարող ասել այդ մասին: Մի բան հստակ է՝ մենք չպետք է համակերպվենք Արդբեջանի կողմից Արցախի Հանարպետության տարածքների օկուպացիային և պետք է մշակենք նոր ռազմավարություն, մեր քայլերը ձեռնարկենք՝ հեռանկարային առումով ունենալով այդ տարածքների ազատագրումը և նորից Արցախի Հանրապետության իշխանության իրավազորության տակ անցնելը: