կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-27 17:26
Քաղաքական

Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Ըստ ազատամարտիկ, ռազմական բժիշկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանի՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով նախաձեռնած ստորագրահավաքին արդեն միացել են ավելի քան հինգ հարյուր բուժաշխատողներ Երևանից ու մարզերից։

Panorama.am-ի հետ զրույցում Տարոն Տոնոյանը նշում է, իրականում նրանց թիվն ավելի մեծ է, իրազեկման խնդիր կա։ Նրա վստահեցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը հազարապատիկով ավելի մեծ է, քան փողոց դուրս եկող մարդկանց թիվն է։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, նրա նկատմամբ դժգոհությունն ու բողոքն իրականում աճում են։ Պատերազմի ավարտից հետո ամեն օր մեր հետնահանջները բոլոր ասպարազներում ապացուցում են, որ վարչապետն ի վիճակի չէ երկիրը կառավարելու։ Իր հրամանները կատարողներ չկան արդեն, կառավարությունը, Ազգային ժողովն անգործության են մատնված, իրենք նույնիսկ չէին կարողանում արդյունավետ աշխատել մինչև պատերազմը, քանի որ ԱԺ-ում հավաքվածները պատահական մարդիկ են, որոնք իշխանության եկան էմոցիոնալ ու Սերժին մերժելու ալիքի վրա։ Ազգաբնակչությունը չի ճանաչում նրանց գերակշիռ մասին, քանի որ իրենց կյանքում որևէ բանով աչքի չեն ընկել»,-ասում է հայտնի բժիշկը։

Նա պնդում է՝ Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից, տուրբուլենդականությունից դուրս բերելու լավագույն ճանապարհն է, քանի որ մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ։

«Վարչապետն ու իր թիմը պետք է ըմբռնումով մոտենան այդ պահանջին ու գնան այդ զիջումներին։ Մենք արդեն տեսնում ենք, որ նա մեր անվտանգության երաշխավորը չէ, կառավարության նիստում հայտարարում է, որ կարող են ցավոտ իրավիճակներ լինեն, ես ուզում եմ բացատրի, դա ի՞նչ է նշանակում։ Այսինք, Մեղրին, Կապանն ու Գորիսը պետք է կտրվե՞ն մեզանից հաղորդակցության առումով։ Մարդը իր ընտանիքի, երեխաների հետ ինչպե՞ս կարող է անցնել այդ ճանապարհով, եթե ԱԱԾ-ն հեռախոսահամար է հրապարակում, որին պետք է զանգել գերի ընկնելիս»,-ասում է Տոնոյանը։

Նա հիշեցնում է, որ նույնիսկ սահմանագծման աշխատանքներում պետության ներկայացուցիչը ներգրավված չէ, բազմաթիվ տղաներ դեռ անհետ կորած են, թշնամի երկրում գերիներ կան։

Տարոն Տոնոյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններ անցկացնել, քանի որ հենց ինքն է գեներացրել ատելությունը, բևեռացրել հասարակությանը, դրա հիմնական մեղավորը ինքն ու իր թիմն է։

«Բառիս բուն իմաստով այս թշնամական մթնոլորտում անցկացնել ընտրություններ անհնարին է, անհնարին է կառարավելի դարձնել դրանք»,-նշում է ազատամարտիկն ու մտահոգություն հայտնում, որ այս իրավիճակում պետության ճգնաժամն ու անդունդը, որում գտնվում է երկիրը, ավելի կխորանան։

Ազատամարտիկը կասկած ունի, որ այս անգամ էլ Փաշինյանը փորձում է ստել՝ ժամանակ շահելու համար։

Փորձը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը լավ ղեկավարում է փողոցը և լավ ղեկավարվում է արտաքին ուժերի կողմից։ Նա ոչ կառավարման փորձ ունի, ոչ այնքան գիտելիք ունի, որ կարողանա այս իրավիճակից երկիրը դուրս բերել։ Մեր պայքարը արդյունք է տվել, նա հրավիրում է արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու մասին։ Բայց կասկած ունեմ, որ ստում է, խիստ կասկածում եմ, որ նա կարող է հոժարակամ լքել պաշտոնը։ Բայց փաստն այն է, որ նա մեկ շաբաթ առաջ ասում էր՝ չկա իր հրաժարականի հանրային պահանջ, իսկ այսօր առաջարկում է արտահերթ ընտրությունների շուրջ խորհրդակցություններ»,-ասում է Տարոն Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում