կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-26 09:40
Քաղաքական

Ազգովի խայտառակվել ենք, ու ես բացառություն չեմ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ազգովի խայտառակվել ենք, ու ես բացառություն չեմ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ամաչում եմ, որ ստիպված եմ նման ակցիաների մասնակցել, ճանապարհ փակել, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվել և այլն։ Առավել ևս ամաչում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է նույն Ոստիկանությունը հալածում բազում արժանապատիվ քաղաքացիների ու ինձնից արժանավոր ընկերներիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երեկ ֆինանսների նախարարության մուտքի մոտ էի՝ Կառավարության շենքն արգելափակող քաղաքացիների մեջ։ Բողոքի ցույցի էի մասնակցում։ Շղթա էինք կազմել ու թույլ չէինք տալիս նախարարության շենք մարդ մտնի կամ դուրս գա։ Ով խաթրով էր փորձում դուրս գալ, խաթրով էինք պահում, ով զոռով՝ զոռով։ Հետո ոստիկանների հետ իրար հրմշտեցինք, հետո սկսեցին մարդկանց բերման ենթարկել ու տենց… երևի շատերի համար սովորական մի իրավիճակ։

Բայց ինձ համար դա սովորական չէր։ Մտքումս անընդհատ մեկ բան էր՝ դա էլ է դավաճան Նիկոլի ստորագրած կապիտուլյացիայի հետևանքը։ Ազգովի խայտառակվել ենք ու ես բացառություն չեմ։ Այո, ամաչում եմ, որ ստիպված եմ նման ակցիաների մասնակցել, ճանապարհ փակել, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվել և այլն։ Առավել ևս ամաչում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է նույն Ոստիկանությունը հալածում բազում արժանապատիվ քաղաքացիների ու ինձնից արժանավոր ընկերներիս։ Բայց ի՞նչ արած՝ դավաճանին կանգնեցնել է պետք։ Եվ այդ հարցում որտեղ պայքար կա, փորձում եմ այնտեղ լինել։

Ընդ որում, փողոց եմ դուրս գալիս շատ հստակ այն գիտակցումով, որ մեր մեղքերն այլևս քավել չի լինի։ Անգամ եթե վաղը դավաճանին գրողի ծոցն ուղարկենք, իսկ մյուս օրը նոր հաղթանակ կերտենք, ապա այն ընդամենը փոքրիկ մխիթարանք կդառնա այսօրվա մեր չափազանց մեծ և ծանր կորուստների համար։ Մեր զոհվածներին էլ ետ չենք բերի։ Նրանց զավակներին հայր չենք դառնա։ Ծնողներին որդի չենք լինի։ Բայց… Բայց ահա բոլոր այս մարդկանց ցավը կարող ենք մի քիչ մեղմել։ Թեկուզ, եթե դրա համար ստիպված լինենք կրկին ու կրկին վերապրել ամոթի ու խայտառակության այս օրերը։ Դրա համար չպիտի տրտնջանք։ Պիտի պայքարենք։ Հանուն մեր նահատակների անավարտ գործերի ու նրանց երազանքների։ Հանուն նրանց զավակների ու ծնողների։ Հանուն մեր արժանապատվության։ Ու հանուն մեր Հայրենիքի»,- գրել է նա։